Արմինֆո. Հայաստանի կառավարությունը կփորձի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծել՝ տեխնիկական դեֆոլտ հայտարարելով: Համենայն դեպս, նման սցենարի իրականացման հավանականությունն առկա պայմաններում շատ մեծ է: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
ՙՎերջին ութ տարիներին տարեկան շուրջ 50 հազար մարդ անվերադարձ լքում է Հայաստանը: Տնտեսական աճ չկա, իսկ երկիրը գոյատևում է՝ շնորհիվ միջազգային ֆինանսական ինստիտուտներից վերցվող վարկերի: Սակայն, այստեղ էլ մոտենում ենք նույնիսկ օրենքում ամրագրված՝ պետական պարտքի ՀՆԱ-ի 60% սահմանաչափին: Պետք է հասկանանք, որ 2020 թվականին արտաքին պարտքի սպասարկմանը կուղղվի
արդեն մեր պետական բյուջեի 28%-ը՚,- նշել է նա:
Նման իրավիճակում կառավարությունը, քաղաքական գործչի կարծիքով, դրությունն ինչ-որ կերպ կարգավորելու երեք հնարավորություն ունի. առաջինը՝ կտրուկ նվազեցնել ծախսերը՝ կտրելով ողջ սոցիալական հատվածի ֆինանսավորումը, ինչն էլ ավելի կսրի սոցիալական դժգոհությունը Հայաստանում, երկրորդ՝ էլ ավելի ավելացնել պետական պարտքը, երրորդ՝ դեֆոլտ հայտարարել:
ՙԼևոն Տեր-Պետրոսյանի կողմից դոֆոլտ հասկացության հիշատակումից հետո իշխանությունը և վերջնիս հետ փոխկապակցված փորձագետները շտապեցին հայտարարել Հայաստանի վճարունակության մասին: Դեֆոլտն ամենևին չի նշանակում վճարունակության բացակայություն, այն ընդամենը նշանակում է պարտքային պարտավորությունների չկատարման մասին որոշման ընդունում, և
նույնիսկ կառավարության ծրագրում տնտեսության զարգացման սցենարների բացակայության պայմաններում միակ ելքն է թվում՚,- ասել է Զուրաբյանը:
Հայաստանում հունական սցնարին շատ նման սցենարի իրականացումը, Զուրաբյանի կարծիքով, ամենահավանականն է՝ հաշվի առնելով ներկայիս արատավոր, կոռումպացված քաղաքական-տնտեսական մոդելի անկենսունակության ակնհայտությունը: Ըստ նրա, այդ մոդելը պահպանվում է՝ բացառապես արտաքին ֆինանսական ներարկումների միջոցով, իսկ Հայաստանի տնտեսությունը դեռ երբեք այդքան մոտ չի եղել կոլապսի, որքան այսօր:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |