Արմինֆո. Անհրաժեշտ է վերանայել Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեման, որը հաստատվել է դեռևս 2009 թվականին։ Վարչապետի հանձնարարությամբ քննարկելով հարցը՝ նման եզրակացության են եկել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Բնապահպանության նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետները։
Համաձայն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանի, փոքր ՀԷԿ-երի զարգացման 2009թ. հաստատված սխեման, ըստ էության, խախտված է։ Մասնավորապես կան անհամապատասխանություններ սխեմայում ամրագրված փաստացի ջրօգտագործման թույլտվությունների և գործունեության լիցենզիաներով տրամադրված ցուցանիշների միջև. «Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ առաջարկվել է կառավարությանը 2009թ. հունվարի 22-ին ընդունված արձանագրային որոշումը ճանաչել ուժը կորցրած և ֆինանսական միջոցների առկայության պարագայում, համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով, մշակել փոքր ՀԷԿ-երի զարգացման նոր սխեմա»,- նշել է վարչության պետը: Բացառությամբ կառավարության կողմից հաստատված ռազմավարական ծրագրերով կամ կառավարության կողմից հավանության արժանացած և շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննություն անցած ներդրումային ծրագրերով ներառված ՀԷԿ-երի, առաջարկվել է չտրամադրել ջրօգտագործման նոր թույլտվություններ՝ Ախուրյան, Ձորագետ, Դեբեդ, Ազատ, Արփա և Որոտան գետերի ավազաններում նոր ՀԷԿ-երի կառուցման համար։
Հաշվի առնելով վարչապետի հանձնարարականը՝ քննարկվել են նաև բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով 15 տարի շարունակ շահագործված փոքր ՀԷԿ-երի համար նոր գնագոյացման մեխանիզմի կիրառման հետ կապված հարցերը։ Առաջարկվել է սակագների ձևավորման սկզբունքներում ներառել բնապահպանական նորմեր ապահովելու համար հիմնավորված ծախսերը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 27-ին կառավարության նիստում հանձնարարել է Բնապահպանության, Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարներին, համագործակցելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ՝ 15-օրյա ժամկետում Ջրի ազգային խորհրդին ներկայացնել փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաների տրամադրման ոլորտում տիրող ներկա վիճակի վերաբերյալ առաջարկություններ: «Մասնավորապես՝ 1. 2009 թ. հունվարի 22-ին ՀՀ կառավարության նիստի համար 3 արձանագրային որոշմամբ հաստատված փոքր ՀԷԿ-երի զարգացման սխեմայի վերանայում: 2. Ախուրյան, Ձորագետ, Դեբեդ, Ազատ, Արփա, Որոտան գետերի ավազաններում նոր ՀԷԿ-երի կառուցման և նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ:3. Բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով շահագործված փոքր ՀԷԿ-երի համար նոր գնագոյացման մեխանիզմների կիրառման առումով պետք է հասկանանք՝ սակագնային քաղաքականությունն այդ ոլորտում ոնց է լինելու: Ինչին է վերաբերում այս հանձնարարականը, կարծում եմ՝ հասկանալի է: Համենայնդեպս, մենք ունենք արդեն բնապահպանական հնարավոր խնդիրներ այն գետերի վրա, որտեղ ՀԷԿ-երի քանակն ավելի շատ է նախատեսված, քան երևի պետք էր: Կարծում եմ՝ այնտեղ կան լուծումներ՝ ջրօգտագործման հետ կապված թույլտվությունների սահմանափակում: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից ակնկալում ենք, որպեսզի իրենք այս հարցին մոտենան այնպես, որ էներգետիկ անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան: Մենք ունենք գետային ավազաններ, որտեղ փոքր ՀԷԿ-երը խիտ են դասավորված, և այնտեղ ունենք խնդիրներ»,- ասել է վարչապետը: