Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նոյեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ` քննարկելու հայ-իրանական տնտեսական համագործակցության հեռանկարները:
Նախարար Կարայանն իր ներածական խոսքում նշել է, որ Իրանի Իսալամական Հանրապետությունը կարևոր տնտեսական գործընկեր է Հայաստանի համար, և հարկավոր է հստակ քայլեր ձեռնարկել երկու երկրների տնտեսական համագործակցությունն ավելի ակտիվացնելու համար: Նախարարն այս համատեքստում կարևորել է այս տարի Իրանում կայացած հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդեսը: Սուրեն Կարայանը հանդես է եկել համատեղ խմբի միջոցով ցուցահանդեսի շարունակակությունը ապահովելու առաջարկությամբ: Նախարարն առաջարկել է նաև քայլեր ձեռնարկել միջտարածաշրջանային (Հայաստան, Իրան, Վրաստան) զբոսաշրջությունը զարգացնելու ուղղությամբ:
Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին նախարարին է ներկայացրել այն բոլոր ոլորտները և հնարավորությունները, որոնք կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը: Դեսպանի խոսքով, Հայաստանը կարևոր առևտրային հանգույց է, որ կարող է կապել Իրանը Եվրասական տնտեսական միության անդամ մյուս երկրների հետ: Դեսպանը համագործակցության խթանման տեսանկյունից կարևորել է Իրանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի չեղարկումը, օդային հաղորդակցության ակտիվացումը և Իրանում մեծ հայկական համայնքի գործոնը: Դեսպանն իր հերթին առաջարկել է զարկ տալ Հայաստանի և Իրանի միջև միջմարզային համագործակցությանը:
Նախարար Սուրեն Կարայանը շնորհակալություն է հայտնել Սեյեդ Քազեմ Սաջադիին արդյունավետ քննարկման համար` հույս հայտնելով, որ նման հանդիպումները կլինեն պարբերական:
Նշենք, որ Հայաստանի և Իրանի միջև ամենամյա առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ $340 մլն:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |