Արմինֆո. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը: Ընկերությունը տեղաբաշխման է ներկայացրել 1,000,000 ԱՄՆ դոլար (GLBLB3) և 200,000,000 ՀՀ դրամ (GLBLB4) ծավալով պարտատոմսերի երկու թողարկում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է բորսայի մամուլի ծառայությունից, նշված պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի է ունեցել 2016թ.-ի նոյեմբերին 24-ին, իսկ տեղաբաշխումը կատարվել է «ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ-ի կողմից, որը պարտատոմսերի ցուցակումից հետո իրականացնելու է նաև պարտատոմսերի շուկա ստեղծողի գործառույթներ:
Դոլարային թողարկումը նախատեսում է 36 ամիս ժամկետայնությամբ, 9 % արժեկտրոնային տոկոսադրույքով և 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով 10,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (GLBLB3), իսկ դրամային՝ 24 ամիս ժամկետայնությամբ, 14.0% արժեկտրոնային տոկոսադրույքով և 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 20,000 հատ անվանական արժեկտրոնային պարտատոմս (GLBLB4):
Դոլարային`GLBLB3 պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքներն են`պարտատոմսերի (ISIN - AMGLBLB23ER1) տեղաբաշխման ընթացքում կնքվել է 15 գործարք, որի ընթացքում տեղաբաշխվել է 1,000,371.71 ԱՄՆ դոլարի պարտատոմս: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 100 ԱՄՆ դոլար, կտրման եկամտաբերությունը` 9%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը`8.9856%: Դրամային`GLBLB4 պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքներն են`պարտատոմսերի (ISIN - AMGLBLB24ER9) տեղաբաշխման ընթացքում կնքվել է 8 գործարք, որի ընթացքում տեղաբաշխվել է 200,030,102.30 ՀՀ դրամի պարտատոմս: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել է 10,000 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 14%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 13.9911%:
Իսկ առայժմ բորսայում շրջանառվում են ընկերության GLBLB1 պարտատոմսերը, որոնք ձեռք են բերել երկրորդային առևտրին թույլտվությունը 2015 թվականի դեկտեմբերի 2-ին, որի մարման ժամկետը լրանում է 2017-ի նոյեմբերի 17-ին: Երկրորդ թողարկման ծավալը կազմել է 1 մլն.դոլար, մասնավորապես, թողարկվել է 10 հազար պարտատոմս, յուրաքանչյուրը 100 դոլար անվանական արժեքով, 2 տարի շրջանառության ժամկետով, 9.5% արժեկտրոնային եկամտաբերությամբ:
Տեղաբաշխման մանրամասն տվյալները կարող եք ներբեռնել ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պաշտոնական կայքի՝ www.nasdaqomx.am «Նորություններ» բաժնից:
Նշենք, որ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ-ն (համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 26.10.2010թ թիվ 267Ա որոշման) գրանցված ունիվերսալ վարկային կազմակերպություն է, որը ձևավորվել է «Վաշինգթոն Քափիթալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ և «Կրեդիտ Յունիոն» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ միաձուլման արդյունքում, ինչպես նաև ընդլայնվել է «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի և «ՋԻ ԷՖ ՍԻ ՋԵՆԵՐԱԼ ԸՆԴ ՔՐԵԴԻԹ ՔՈՄՓԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի միացման ձևով վերակազմակերպման արդյունքում: Ներկայումս Ընկերությունը հանդիսանում է «ԿՐԵԴԻՏ ՅՈՒՆԻՈՆ», «ՎԱՇԻՆԳԹՈՆ ՔԱՓԻԹԱԼ» ՈՒՎԿ փակ բաժնետիրական ընկերությունների և «ՋԻ ԷՖ ՍԻ ՋԵՆԵՐԱԼ ՖԱՅՆԵՆՇՆ ԸՆԴ ՔՐԵԴԻԹ ՔՈՄՓԱՆԻ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի իրավահաջորդը:
Հիշեցնենք, որ «Ռենեսա» փակ բաժնետիրական ընկերությունն ստեղծվել է 26.03.2001թ.-ին: 27.06.2008թ.-ին Ընկերությունը վերագրանցվել և վերալիցենզավորվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից, որպես ներդրումային ընկերություն: Ընկերությունը ֆոնդային բորսայի անդամ է դեռևս 24.01.2002թ-ից, իսկ 11.12.2008-ից այն նաև Արժեթղթերի հաշվարկային hամակարգի անդամ է: Ընկերության բաժնետերերն են Էդուարդ Մարությանը և Արայիկ Կարապետյանը, հավասար մասնաբաժիններով: 2014 թվականին «Ռենեսան» ճանաչվել է Հայաստանի լավագույն ներդրումային ընկերությունը:
Հիշեցնենք, որ 2015 թվականին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ում կորպորատիվ պարտատոմսերով կատարվել է 226 գործարք, 453.5 մլն.դրամ ընդհանուր ծավալով (նախորդ տարի`343 գործարք և 1.1 մլրդ.դրամ): Հայաստանի ֆոնդային շուկայի կապիտալացումը 2015 թվականին աճել է 42%, կազմելով 103.8 մլրդ.դրամ (նախորդ տարի`73 մլրդ.դրամ, իսկ 2013-ին` 61.7 մլրդ.դրամ):