Արմինֆո. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-ին ելույթ ունենալով ՀՀԿ 16-րդ համագումարում հավաստել է, որ առաջիկա տարիներին Հայաստանումլինելու են բեկումնային փոփոխություններ: «Այլևս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը»,-հայտարարել է նա։
Ըստ նախագահի, գալիք տարիների փոփոխությունները լինելու են բեկումնային, քանի որ հասել ենք այն կետին, որտեղ, թեկուզ ինչ-որ չափով ձգելով մեր գոտիները, սահմանափակելով ու ընդունելով պահպանողական բյուջե, կարողացել ենք արդյունավետ դիմագրավել մարտահրավերներին, ապահովել տնտեսական աճ, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացնել արտահանումը։ Ըստ նախագահի, Հայաստանը, ի տարբերություն այլ հետխորհրդային երկրների, այնպիսի մակրոտնտեսական միջավայր է ապահովել, որտեղ ցնցումները կարգավորվում են տոկոսադրույքի քաղաքականությամբ կամ բյուջեի դեֆիցիտի համապատասխանեցմամբ, որտեղ փոխարժեքի կտրուկ տատանումը նույնականորեն չի բարձրացնում գները և նվազեցնում մարդկանց իրական եկամուտները, որտեղ մարդը կարող է երկարաժամկետ պլանավորել իր խնայողությունները, կուտակել թոշակը։ «Համեմատության համար՝ շատ երկրներում ֆինանսական ճգնաժամի հետևանքով բնակչության զգալի հատված հայտնվեց փողոցում, կամ պետական պահուստների ահռելի կրճատում արեցին, անգամ կենսաթոշակային ֆոնդերի միջոցներ ուղղեցին իրավիճակի կայունացմանը կամ էապես օգտագործեցին նավթային եկամուտներից ստացված պահուստները»,-հայտարարել է Սարգսյանը։
Նախագահը հղում է կատարել «Ռոյթերս» գործակալության վերլուծությանը, որտեղ ընդգծվում էր Հայաստանի՝ ֆինանսական ճգնաժամի հանդեպ ճկուն և որոշիչ քաղաքականությունը՝ նշելով, որ մեր տարածաշրջանում Հայաստանը ռեկորդակիր է ճգնաժամի հանդեպ արված քաղաքական որոշումների քանակով։ Նախագահը նշել է, որ 2016 թվականի ընթացքում Հայաստանը 9 անգամ անդրադարձել ու կրճատել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Վերջերս արդեն տասներորդ անգամ իջեցվեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը և 2015 թվականի 10.5 տոկոսից այն արդեն այսօր հասել է 6.5 տոկոսի։ Ըստ Սարգսյանի, արդյունքում Հայաստանը, որպես հետճգնաժամային իրավիճակին արձագանքող, դարձավ լավագույններից մեկը՝ տալով տնտեսությանն ընդլայնող դրամավարկային քաղաքականության լուրջ իմպուլս։ Հերթը տնտեսավարողներինն է և մեր գործարարի պրպտող, ստեղծագործող, մրցունակ մտքինը, որի արդյունքների ականատեսն ենք արդեն իսկ, և դրանք, իհարկե, բազմապատկվելու են։
«Ուժեղ Հայաստան՝ ահա մեր ազգային գաղափարը, որը կարող ենք նաև անվանել ազգային երազանք կամ նպատակ: Համոզված եմ՝ սա այն գաղափարն է, որ կմիավորի Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին և համայն հայությանը: Մեր երկրում հասարակական համաձայնությունը պետք է կառուցվի հենց այս գաղափարի շուրջ: Այն պետք է դառնա նոր պայման, համերաշխության նոր բանաձև բոլորի համար»,-հայտարարել է նախագահը: Նրա խոսքով, հայերը միշտ ձգտել են իրար կապել Հյուսիսը և Հարավը, կամուրջներ գցել Արևելքի և Արևմուտքի միջև: Հայաստանի լեռներում կղզիանալը երբեք մեր ցանկությունը և նպատակը չի եղել:
Այսօր էլ, ինչպես հայտարարել է նախագահը, Հայստանը բաց է համագործակցության համար, որի լավագույն ապացույցն են այն ջերմ և բարիդրացիական հարաբերությունները, որ ունենք մեր հարևաններ Վրաստանի և Իրանի հետ: «Համագործակցելու մեր պատրաստակամությունն ապացուցելու են գալիս նաև մեր ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության կազմում, ինչպես նաև Եվրոպական միության հետ մեր ունեցած փոխըմբռնումը և տնտեսական համագործակցությունը»,-հայտարարել է նախագահը:
Ըստ նախագահի, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի հանդեպ վարվող քաղաքականությունը մեզ այլընտրանք չի թողնում: «Մենք այլ ընտրություն չունենք, քան գերազանցության ձգտելը: Մենք մեզ ոչ մեկից առավել չենք համարում, սակայն նաև վստահ ենք, որ պարզապես մեկ-երկու կետով առավելություն ունենալով մեր մրցակիցների հանդեպ չենք կարողանա արդյունավետորեն զարգանալ»,-նշել է Սարգսյանը:
Ըստ ՀՀ նախագահի, Հայստանը պետք է անգերազանցելի դառնա այն բնագավառներում, որտեղ աճի հնարավորությունները կախված չեն լինելու անբարյացակամ հարևանների քաղաքականությունից: Արդեն սահմանվել են մի շարք առաջնահերթություններ, որոնց շարքում են գյուղատնտեսությունը, կրթությունը և նորարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, թեթև արդյունաբերությունն ու հանքարդյունաբերությունը, ոսկերչությունը և ակնագործությունը, ֆինանսաբանկային ծառայությունները, զբոսաշրջությունը: Այս ցանկն, անշուշտ, կարելի է շարունակել: Այս ոլորտներում, ըստ նմախագահի, Հայաստանի առավելությունները մրցակիցների հանդեպ պետք է լինեն ոչ թե հարաբերական, այլ բացարձակ: «Դա է մեր ազգային նպատակը և գաղափարը: Մենք պետք է իսկապես մրցունակ լինենք ողջ տարածաշրջանի մակարդակով»,-նշել է նախագահը: «Նշածս բնագավառներից և ոչ մեկի զարգացումը չի կարող մեկուսացած տեղի ունենալ: Այդ բոլոր ոլորտները զարգանում են մեր երկրի միջավայրում, ուստի և կրում են եղած բացասական երևույթների ազդեցությունը: Այդ բացասականը մենք պետք է նվազեցնենք և վերացնենք: Հաջողությամբ իրականացված յուրաքանչյուր բարեփոխում բերելու է նոր հաջողություններ մյուս բնագավառներում: «Հայկական»-ը պետք է լինի «լավագույն»-ի հոմանիշը»,-եզրափակել է ՀՀ նախագահը: