Արմինֆո. Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիյանը Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ Թեհրանում կայնացած հանդիպման ժամանակ կոչ է արել աշխուժացնել էլեկտրաէներգիայի փոխանակումը երկու երկրների միջև:
«Իրանի և Հայաստանի միջև փոխանակման հզորության ծավալը կարող է ավելացվել մինչև 1200 ՄՎտ` ենթակառուցվածքային նախագծերի իրագործումից հետո», - ասել է Չիթչիյանը: Այժմ էլեկտրաէներգիայի մատակարարումները կազմում են շուրջ 300 ՄՎտ: Իրանի էներգետիկայի նախարարը կարևորել է այնպիսի նախագծի իրագործումը, ինչպիսին է «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգտիկ միջանցքի կառուցումը:
Ինչպես հիշեցնում է iran.ru-ն, հունիսի կեսին Իրանի Niroo գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Մոհամեդ Սադեկ Քազիզադեն հայտարարել էր, որ Իրանն ու Հայաստանը ծրագրում են երկու տարուց շուտ ավարտել իրենց երրորդ ԷՀԳ: Նա հաստատել էր, որ էլեկտրահաղորդման երրորդ գիծը Հայաստանին և Իրանին թույլ կտա ավելացնել գազն էլեկտրաէներգիայի հետ փոխանակման գործարքի ծավալը: 2015 թվականի օգոստոսին Երևանն ու Թեհրանը ստորագրել էին երկու երկրների միջև երրորդ ԷՀԳ կառուցման շուրջ հնամաձայնագիր:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը նշել էր, որ Հայաստանը տարածաշրջանի գործընկերների հետ մտադիր է ստեղծել տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ
շուկա, ինչի համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել Իրանի, Վրաստանի, Հայաստանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերի արդյունավետ զուգահեռ աշխատանքի համար: Այդ համատեքստում Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցումը կստեղծի անհրաժեշտ բոլոր նախապայմանները: Նախատեսվում է որ մինչև 2019 թվականի վերջը 1000 մեգավատ հզորությամբ «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքը կգործի ողջ հզորությամբ: Փոխնախարարի հավաստմամբ, նույնիսկ էլեկտրաէներգիայի տարանցնումը ձեռնտու կլինի Հայաստանի համար` ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 107,9 մլն դոլար, գումարի 77 տոկոսը կտրամադրի Իրանի Արտահանման Զարգացման Բանկը: Շինարարության համար անհրաժեշտ գումարի 23 տոկոսը կհատկացնի ծրագրի գլխավոր կապալառու՝ «SUNIR» ընկերությունը: Էլեկտրահաղորդման գծերի համար պետք է կառուցվի 706 սյուն Դդմաշեն գյուղից մինչև Ագարակ: Նախագծի իրագործման համար պետության օգտին կօտարվի 743 հողամաս: ԷՀԳ լարվածությունը կկազմի 400 կՎ, այն թույլ կտա էլեկտրահաղորդման ծավալի հզորությունը ներկայիս 350 մՎտ-ից հասցնել մինչը 1000 մՎտ: ԷՀԳ երկարությունը կկազմի 279 կմ: