Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Օլիվյե Բուրկիին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում վերահաստատելով ՇԶՀԳ պատրաստակամությունը շարունակել բազմակողմ համագործակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ` պարոն Բուրկին նշել է, որ Գործակալության հիմնական նպատակներն են խթանել Հայաստանում ձեռնարկատիրական գործունեությունը` աջակցելով փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին, նպաստել երկրում արժեշղթաների զարգացմանը և շուկաների հասանելիության ապահովմանը:
Ներկայացնելով հանրապետության մի շարք մարզերում` մասնավորապես Սյունիքում Գործակալության կողմից իրականացվող ծրագրերի բարեհաջող ու արդյունավետ ընթացքը` Օլիվյե Բուրկին ընդգծել է շվեյցարական կողմի նպատակադրությունն ընդլայնել ծրագրերի շրջանակները:
Նա նաև շեշտել է, որ ՇԶՀԳ-ն հետաքրքրված է առևտրի և գյուղատնտեսության ոլորտներում Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների ընդարձակմամբ և ամրապնդմամբ:
Նշելով, որ կենդանիների հաշվառումն ու համարակալումն այսօր ոլորտի առաջնահերթ խնդիրներից է, որի լուծումը կարևորվում է հատկապես սննդամթերքի անվտանգության ապահովման տեսանկյունից` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է այս խնդրի շուրջ կազմակերպել համատեղ քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:
Անդրադարձ է կատարվել նաև ՇԶՀԳ աջակցությամբ Հայաստանում իրականացվող նախաձեռնություններին, այդ թվում` Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 100 գյուղական համայնքներում իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում 2014-2020թթ.», «Շուկաներ Մեղրիի համար» ծրագրերին, ինչպես նաև քննարկվել են գյուղատնտեսության ոլորտին առնչվող այլ հարցեր:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |