Արմինֆո. Չնայած գործարար ակտիվության տեմպերի դանդաղմանը հետխորհրդային տարածաշրջանում, ինչպես նաև համաշխարհային տնտեսությունում, Հայաստանի տնտեսությունում դիտցվում են որոշակի դրական միտումներ: Այս մասին հայտարարել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, Եվրասիական փորձագիտական ակումբի ««Հայաստան, Եվրասիական ինտեգրում և գլոբալ մարտահրավերներ» թեմայով կլոր սեղանի ժամանակ:
Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն, որքան էլ դեռ կայացման փուլում է և խոցելի տեղեր ունի, այնուամենայնիվ, որպես տարածաշրջանային միություն, չունի այլընտրանք: Այլընտրանք չունի նաև Հայաստանի անդամակցությունը այդ միությանը: Քաղաքական և տնտեսական առումով կլիներ ինքնասպանություն, եթե մենք հրաժարվեինք այս անդամակցությունից:
«Տարին լի էր դժվարություններով ու խնդիրներով: ԵԱՏՄ մեկ տարին կարելի է բնութագրել որպես կառույցի կազմավորման և կայացման տարի: ՀՀ պետական բյուջեի եկամտային մասում նվազեցին հարկերը, մասնավորապես, վերացան ՌԴ-ից և ԵԱՏՄ այլ երկրներից Հայաստան ներմուծվող ապրանքների և ծառայությունների դիմաց գանձվող մաքսատուրքերը: Կրճատվեցին նաև Հայաստան եկող տրանսֆերտները»,-ասել է նա, նշելով, որ բավական ռիսկեր կան, որոնք և անցողիկ բնույթ ունեն, թեև որոշակի շարունակություն կունենան նաև այս տարի, կան նաև ավելի արմատական խնդիրներ:
Օրինակ, կարևորագույն ռիսկն այն է, որ բոլոր երկրներում՝ հետխորհրդային ու հատկապես ԵԱՏՄ անդամ, գրանցվեց գերարժեզրկում, ինչն արտահայտվեց երկնիշ թվերով:
Թ.Մանասերյանը նկատել է, որ արժութային կայունության իմաստով շատ խնդիրներ կան, բայց Հայաստանը, շնորհիվ Կենտրոնական բանկի վարած դրամավարկային խիստ հավասարակշռված քաղաքականության, խուսափեց ցնցումներից: Այնպես որ այս առումով Հայաստանը կարող է ուսանելի օրինակ լինել ԵԱՏՄ անդամ երկրների համար:
Ինչ վերաբերում է ընթացիկ տարվան, ապա Թ. Մանասերյանը նախևառաջ կարևորում է ազգային օրակարգի ձևավորումը, որը կնպաստի Հայաստանի տնտեսությանը. «2016 թվականին Հայաստանի համար հնարավորությունները կարող են լինել մի քանի ասպարեզներում, օրինակ՝ ԵԱՏՄ երկրներում մեծ պահանջարկ կա ՏՏ մասնագետների, իսկ այս ոլորտում Հայաստանը առաջատար է: Նաև Հայաստանը կարող է կարևոր գործընկեր դառնալ հատկապես Ռուսաստանի համար՝ Թուրքիայի հետ տնտեսական սահմանափակումների կոնտեքստում: Մենք իրատեսական ենք համարում գյուղմթերքների արտահանման քառապատկումը Ռուսաստան՝ բարենպաստ բնակլիմայական պայմանների և պետության կողմից կազմակերպչական բնույթի աջակցության դեպքում»,- թվարկեց նա՝ կարծիք հայտնելով, որ մենք պետք է կարողանանք լուծել մրցունակության բարձրացման խնդիրը, որը խիստ կարևոր է:
Վերադառնալով ազգային հստակ օրակարգի ձևավորմանը՝ տնտեսագետը նշել է, որ դա ոչ միայն կարևոր է մշակել, այլև իրացնել այս տարածաշրջանում. «Օրինակ, արժեզրկված արժույթ ունեցող հետխորհրդային երկրներից կարող ենք ներմուծել հումք և նյութեր, վերամշակել դրանք մեր երկրում և պատրաստի արտադրանքը ուղղել դոլարային երկրներ»:
«Կարծում եմ, որ նաև բարեբախտություն է, որ վերսկսեցինք բանակցությունները ԵՄ հետ ու թեև 2016 թվականը լինելու է դժվար տարի, փորձություններով լի տարի, բայց այն նաև հնարավորությունների տարի է»,- հավելել է Թաթուլ Մանասերյանը:
Նա նշել է նաև, որ ԵՏՄ–ին անդամակցելը թույլ կտա Հայաստանին համարժեք արձագանքել համաշխարհային տնտեսության ակտուալ մարտահրավերներին։