Արմինֆո. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն արդարացված է համարում «բաց երկնքի» քաղաքականությանը երկրի միանալը: ««Բաց երկնքի» քաղաքականության հռչակման պահից Հայաստանը գերազանցել է սպասելիքները»,- հայտարարել է Ավետիսյանը՝ պատասխանելով հռչակված քաղաքականության շրջանակներում ձեռքբերված արդյունքների վերաբերյալ ԱրմԻնֆո-ի հարցին:
Միաժամանակ, Ավետիսյանի խոսքով, «բաց երկնքի» քաղաքականությունը շարունակակակն գործընթաց է: Նա նշել է, որ մինչև 2013 թվականը Հայաստանն ավիափոխադրումների ոլորտում այլ երկրների հետ փոխգործակցել է միջպետական համաձայնագրերի հիման վրա, որոնք մի շարք սահմանափակումներ էին սահմանում ավիաշուկայում գործող ավիաընկերությունների քանակի, հաճախականության և սակագների մասով: «2013 թվականից սկսած՝ «Բաց երկնքի» քաղաքականությանը միանալուց հետո, Հայաստանը վերանայել է իր «ավիացիոն հարաբերություններն աշխարհի 20 երկրի հետ, իսկ ԵՄ հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի կնքումը ԵՄ միանգամից 28 երկրի հետ հարաբերություններն ազատականացնելու հնարավորություն կընձեռի»,- հայտարարել է նա:
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի խոսքով, «Բաց երկնքի» քաղաքականության հռչակման պահից Հայաստանը գերազանցել է ավելի վաղ «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրում» ամրագրված ցուցանիշները: ««Բաց երկնքի» քաղաքականության հռչակման շրջանակներում ծրագրով նախատեսված էր ուղևորահոսքի աճ, ավիատոմսերի գների նվազում և մի շարք այլ ցուցանիշներ, և այս առումով, կարծում եմ, մենք ավելի քան գերազանցել ենք դրանք»,- հայտարարել է նա: Միաժամանակ նա զերծ է մնացել ձեռքբերումները թվերի տեսքով ներկայացնելուց՝ լրացուցիչ ՀՆԱ-ի ապահովման և նոր աշխատատեղերի ստեղծման մասով:
Հիշեցնենք, որ 2013 թվականի սկզբին «Արմավիան» սնանկացավ անբարեխիղճ մրցակցության և ռուսական ավիաընկերությունների ճնշման հետևանքով: Հայաստանը մնաց առանց ազգային ավիափոխադրողի: Դրանից հեռո ստեղծված «Էըր Արմենիան» նույնպես խնդիրներ ունեցավ ռուսական ընկերությունների և տեղական շուկայում դրանց գերիշխող դիրքի պատճառով: Արդեն 2013 թվականին հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարությունն ընդունեց Հայաստանում ավիափոխադրումների ոլորտի ազատականացման մասին որոշում և հաստատեց «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը», որը հիմնված էր Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ), McKinsey & Company ընկերության միջև կատարված համատեղ հետազոտության վրա: Ծրագրի համաձայն, «Բաց երկնքի» քաղաքականությունը դրական ազդեցություն կգործի աշխատատեղերի ստեղծման, ուղևորափոխադրումների ծավալի աճի և ավիափոխադրման սակագների նվազման առումով: Ենթադրվում է, որ ցամաքմային հաղորդակցությունների սահմանափակումների պայմաններում ավիափոխադրումների միջոցով արտաքին աշխարհի հետ հաղորդակցության հեշտացումը լրացուցիչ խթաններ է ստեղծում Հայաստանի տնտեսական աճի համար: Մասնավորապես, «Բաց երկնքի» քաղաքականության և ծրագրի արդյունավետ իրագործման արդյունքում առկա իրավիճակի համեմատ ակնկալվում էր հաջորդ 3-4 տարում ՀՆԱ 0,3-0,4 մլրդ դոլարի աճ, 18,000-23,000 նոր աշխատատեղերի ստեղծում, հիմնականում, օդային հաղորդակցության և զբոսաշրջության ոլորտներում, ուղևորափոխադրումների ծավալի 20-25% աճ, ինչպես նաև տոմսերի գների, միջին հաշվով, 10% նվազում:
Ըստ պաշտոնական տվյալների, վերջին 3 տարիներին Հայաստանում փակվել են 16 միջազգային ավիաընկերությունների ներկայացուցչություններ և բացվել 10-ի գրասենյակները: Այդ ընթացքում Հայաստանից հեռացան Czech Airlines և Etihad Airways' խոշորագույն ավիաընկերությունները: Փոխարենը ավելացել է Ռուսաստանի և ԱՊՀ մյուս երկրների ավիաընկերությունների թիվը: