Արմինֆո. Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) հետևում է ԵԱՏՄ երկրների համար սահմանված մակրոտնտեսական կայունության ցուցանիշներին: Այս մասին հունվարիւ 16-ին կայացած տեսակոնֆերանսում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան, պատասխանելով ֆինանսական շուկաների և արժութային ինտեգրման հաջող ազատականացման հիմնադիր պայմանների, մասնավորապես, մակրոտնտեսական ցուցանիշների փոխարկման անհրաժեշտության մասին ԱրմԻնֆո գործակալության հարցին:
Նրա խոսքով, ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայունությունը սահմանող մակրոտնտեսական ցուցանիշներն ամրագրված են միասնական տնտեսական տարածության համատեղ փաստաթղթում, որը հետագայում վերածվեց Միության ստեղծման Պայմանագրին: Առաջին հերթին խոսքը գնում է ՀՆԱ-ի նկատմամբ 3%-ից ոչ ավել բյուջեի դեֆիցիտի, 50%-ից ոչ ավել պետական պարտքի և մինչև 5% գնաճի ցուցանիշների ապահովման մասին: «2016 թվականին ԵԱՏՄ բոլոր պետությունները գործնականում դուրս եկան սահմանված ցուցանիշներին, և մենք ազգային կառավարությունների մեր գործընկերների հետ համատեղ պատրաստում ենք կոնվերգենցիայի ցուցանիշներին վերադառնալու առաջարկները: Կան բոլոր նախադրյալները, որ 2017 թվականից ԵԱՏՄ երկրները կվերադառնան մակրոտնտեսական կայունության սահմանված ցուցանիշներին»,-նշել է Տ.Վալովայան: Նա հավելել է, որ խոսքը գնում է մի շատ կարևոր թեմայի մասին, որն իրականացվում է մշտապես և որին հատկացվում է մեծ ուշադրություն:
Նախարարը նշել է, որ մինչև 2025 թվականը ԵԱՏՄ երկրներում նախատեսվում է ներդաշնակել ազգային ֆինանսական համակարգերը: Դա անհրաժեշտ է նրա համար, որպեսզի ԵԱՏՄ երկրների ցանկացած առևտրային բանկ կարողանա առանց հետագա գրանցման և լիցանզավորման ընթացակարգի աշխատել Միության ողջ տարածքում: Ապագա վերազգային ֆինանսական մարմինը կտեղակայվի Ղազախստանում, որը կսահմանի խաղի ընդհանուր կանոնները: Ընդ որում կպահպանվեն նաև ազգային ռեգուլյատորներն ու ազգային բանկերը: «Աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, և կան բոլոր նախադրյալները ենթադրելու, որ մինչև 2025 թվականն այդ համակարգը կգործի»,-նշել է ԵՏՀ նախարարը: