Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հունվարի 17-ին ընդունեց KfW գերմանական զարգացման բանկի պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էին բանկի էներգետիկ դեպարտամենտի պետ Թոմաս Այզենբախը, բանկի գլխավոր ինժեներ Ռալֆ Կյունաստը, էներգետիկ ոլորտի հայաստանյան ծրագրերի ղեկավար Սանդրա Լուտցը և բանկի Երևանի ներկայացուցչության ծրագրերի գլխավոր համակարգող Բելլա Անդրիասյանը։ Քննարկվեցին էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և հետագա համագործակցության հնարավորությունները։
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման ընթացքում Թոմաս Այզենբախը նախարարին ներկայացրեց գերմանական բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող խոշոր ծրագրերից մեկի՝ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ կատարվեց ծրագրի իրականացման որակին և ժամկետներին: «Մեզ համար շատ կարևոր է որակի հարցը։ Դա նշանակում է, որ կապալառուի ընտրության հարցում որպես երաշխիք կարող է լինել նախկին փորձը։ Իհարկե, շատ կարևոր է նաև առաջարկվող գինը։ Ուստի լավագույն տարբերակը կլիներ գնի և որակի համադրումը», - նշեց Աշոտ Մանուկյանը։
Խոսելով ծրագրի իրականացման ժամկետների մասին՝ նախարարն ընդգծեց դրանց պահպանման կարևորությունը։ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը հանդիսանալու է Իրան-Հայաստան-Վրաստան էներգետիկ միջանցքի բաղկացուցիչ մասը։ Ուստի անհրաժեշտ է, որպեսզի այն շահագործման հանձնվի Իրան-Հայաստան գծի հետ միաժամանակ։
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան նաև էներգետիկ ոլորտում հետագա համագործակցության հնարավորություններին։ Թոմաս Այզենբախը հայտնեց KfW բանկի պատրաստակամությունը՝ մասնակցելու հողմային էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերին։ Գոհունակություն հայտնելով նման առաջարկության համար՝ նախարարը նշեց, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել ցանկացած նախաձեռնություն։
Ավելի վաղ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշել էր, որ նախագիծը պետք է ավարտվի 2019 թվականին: Այն պետք է սինխրոնացվի Հայաստան-Վրաստան ԷՀԳ-ի շինարարության հետ, ինչը թույլ կտա ստեղծել միասնական էներգետիկ միջանցք: Նախագծի շրջանակներում նախատեսվում է 722 էլեկտրական սյուների տեղադրում, ընդ որում, 65 սյուների հենարաններն արդեն պատրաստ են: Գործնականում, բոլոր հատվածները, որոնցով պետք է անցնի ԷՀԳ-ն, արդեն գնված են: Ավարտվել է սարքավորումների թեստավորումը, որը բերվել է Հայաստան և պահեստավորվել: Սարքավորումների տեղադրման գործընթացը բավականին արագ է: Ավելի բարդ խնդիր է սյուների համար նախատեսված հողատարածքների գնումը, հենարանների հիմքերի ստեղծումը, մուտքային ճանապարհների կառուցումը: Այն ծավալուն աշխատանքը, որը ներկայումս կատարվում է, նկատելի չէ, բայց, իրոք, կատարվում է: Ներկայումս կան եղանակային պայմանների, ինչպես նաև ԷՀԳ-ների համար հողատարածքների ձեռքբերման հետ կապված որոշակի պրոբլեմներ, ինչի համար պահանջվում է համայնքների թույլտվությունը: Ընդ որում, յուրաքանչյուր համայնք ունի իր յուրահատկությունը: Այնուամենայնիվ, աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Դրանք պետք է համակցված լինեն Հայաստան-Վրաստան ԷՀԳ-ի հետ, որը նույնպես պետք է շահագործման հանձնվի 2019 թվականին:
Միաժամանակ Վրաստանը բանակցություններ է վարում Ռուսաստանի Դաշնության հետ 500 կիլովոլտ ԷՀԳ և ենթակայանների կառուցման շուրջ, ինչը թույլ կտա իրականացնել ոչ միայն էլեկտրաէներգիայի փոխհոսքեր, այլ նաև՝ կոմերցիոն գործարքներ: Ներկայումս չորս պետությունների փոխնախարարների մակարդակով համակարգող խումբն ակտիվ աշխատանք է տանում նախագծերի իրականացման ողջ գործընթացի սկսման ուղղությամբ: Նախատեսվում է, որ մինչև 2019 թ. վերջը 1 հազար մեգավատտ հզորությամբ «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքը կգործի ամբողջ ուժով: