Արմինֆո. «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության աշխատանքները եղանակային պայմաների պատճառով նվազեցվել են: Այս մասին հունվարի 19-ին կառավարությնա նիստից հետո լրագրողներին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը:
Նրա խոսքով, ներկայումս կատարվում են միայն հողային աշխատանքներ: Եղանակային պայմաների բարելավումից հետո կշարունակվեն բետոնապատման աշխատանքները:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տեղեկացրել էր, որ ֆրանսիական Vinci ընկերությունը, որը հանդիսանում է շինարարական և կոնցեսիոն ոլորտի համաշխարհային առաջատար, հայտարարել է, որ «Հյուսիս-Հարավը» ռազմավարական նշանակության ծրագիր է և լուրջ հետաքրքրություն է ներկայացնում կազմակերպության համար: Նախարարությունում կայացած ահանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հուշագիր կկնքվի Հայաստանի կառավարության և Vinci կազմակերպության միջև, ըստ որի` կողմերը կփոխանակվեն ահնրաժեշտ տեղեկատվությամբ և կուրվագծվի կազմակերպության հետագա ներգրավվածության հնարավորությունները Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրում:
Հիշեցնենք, 556 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող ՙՀյուսիս–Հարավ՚ միջանցքը ելք կապահովի դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ 1 մլրդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագիրն նպատակաուղղված է Հայաստանի հյուսիսի (Վրաստանի հետ սահմանում) և հարավի (Իրանի հետ սահմանում) կապի ապահովմանը տրանսպորտային այնպիսի հաղորդակցությունների միջոցով, որոնք բավարարում են միջազգային բարձր չափանիշներն ու ելք են ապահովում դեպի համաշխարհային շուկաներ։ Ավտոճանապարհը կունենա բետոնե ծածկույթ: Նախագծի իրագործման համար Հայաստանը 500 մլն դոլարի վարկ է ներգրավել Ասիական զարգացման բանկից: Եվս 150 մլն դոլար կտրամադրի Եվրասիական զարգացման բանկը: Հայկական կողմը նախագծի իրացման համար նաև 60 մլն դոլար է ներգրավել Եվրոպական ներրդումային բանկից: Միջանցքի շինարարությունը նախատեսվում է լիովին ավարտել 2019 թվականին: ՙՀյուսիս-Հարավ՚ ծագրի առնչությամբ Հայաստանի կառավարությունը հաշվարկել է 2,5 դոլարի խնայողություն յուրաքանչյուր ուղևորի մեկ ժամվա երթևեկության և 1-ական դոլարի խնայողություն 1 տոննա բեռի փոխադրման 1 ժամվա համար: Ինչպես ակնկալում են Հայաստանի իշխանությունները, ծրագիրը թույլ կտա ապագայում մեղմել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման հետևանքները, ստանձնել տարանցիկ պետության դեր տարածաշրջանի երկրների բեռանփոխադրումներում, ինչպես նաև միանալ Սևծովյան օղակաձև ավտոմայրուղուն: