Արմինֆո. Տեղի է ունեցել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2016» ամենամյա մրցանակաբաշխությունը: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ արժանացել է «Բորսայի լավագույն անդամ 2016» գլխավոր մրցանակին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
մրցանակաբաշխությունը անցկացվում է արդեն յոթերորդ տարին անընդմեջ, որտեղ հաղթողին ընտրելու համար հաշվի են առնվում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը և արդյունավետությունը:
Աղբյուրի համաձայն, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2016» ամենամյա մրցանակաբաշխությանը յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված են եղել երեք թեկնածու, որոնցից հաղթող է ճանաչվել մեկ մասնակից: «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ներկայացված էր որպես թեկնածու երեք անվանակարգերում` «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում», «Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում» և գլխավոր մրցանակ - «Բորսայի լավագույն անդամ»:
Անցած տարի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հաղթող էր ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ՝ վարկային ռեսուրսների շուկայում 2015» և «Բորսայի լավագույն գործընկեր` առևտրի մասնակից» անվանակարգերում:
Նշենք, որ «Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին և նպատակ է հետապնդում խրախուսելու բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի 67 մասնաճյուղ, իր ներկայությունն ապահովելով ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: