Արմինֆո. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրել` քննարկելու ընթացիկ տարում գյուղոլորտում ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը, Աշոտ Հարությունյանը, Արմեն Հարությունյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
«Ամփոփելով կատարված աշխատանքները` կարող ենք արձանագրել, որ 2017 թվականին գյուղատնտեսության ոլորտում ընդհանուր առմամբ իրականացվելու է շուրջ 120 մլն դոլարին համարժեք դրամի ծրագրեր, ներառյալ այն 60 մլն դոլարը, որի վերաբերյալ օրերս հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը: Ներդրումները կուղղվեն պահածոների գործարանի, սպանդանոցների կառուցմանը, ջերմատնային տնտեսությունների ընդլայնմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը, կոնյակի արտադրության վերազինմանը և այլ ոլորտների: Սրան կավելանան նաև մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերը, որոնց շուրջ այս պահին ինտենսիվ աշխատանքներ ենք տանում»,- իր խոսքում մասնավորապես նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը հանձնարարել է պատասխանատուներին վերահսկողություն սահմանել իրենց համակարգման ներքո գտնվող ծրագրերի իրականացման նկատմամբ, ընթացքում առաջացող խնդիրներին լուծումներ տալ, կատարված ծրագրերի շուրջ իրազեկում ապահովել՝ խրախուսելու հավելյալ ներդրումների ներհոսքը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղոլորտի զարգացմանն ուղղված մի շարք այլ հարցեր ևս, պատասխանատուներին տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |