Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.25%-ից իջեցրել է մինչև 6%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարի 14-ին Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում տեղի ունեցած նիստում:
Բացի այդ, լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 7.5% և 4.5%:
Աղբյուրի համաձայն, 2017 թ. հունվարին արձանագրվել է 2.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.2%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը մեղմվել է՝ կազմելով 0.6%: Արտաքին հատվածում ձևավորված միտումներն հիմնականում պահպանվել են. համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել դանդաղ տեմպերով, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել են որոշ գնաճային զարգացումներ: ԿԲ խորհուրդը գնահատում է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում:
Խորհուրդն արձանագրում է, որ 2016 թ-ի համար տնտեսական աճի գնահատականները նվազել են՝ պայմանավորված հիմնականում առաջարկի գործոնների ազդեցությամբ: Միևնույն ժամանակ, աստիճանաբար վերականգնվում է ներքին պահանջարկը՝ առավելապես ի հաշիվ 2015-2016 թթ-ի ընթացքում իրականացված խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների: Նշենք, որ նախորդ կանխատեսման համեմատ որոշ ոչ պարենային ապրանքների ակնկալվող ցածր գների ձևավորման և հունվարից գազի, իսկ փետրվարից էլեկտրաէներգիայի սակագների իջեցման պարագայում գնաճի նպատակին հասնելու հետագիծը կլինի փոքր ինչ ավելի դանդաղ: Հաշվի առնելով նշված գործոնները, ինչպես նաև նախորդ տարվա համեմատ 2017 թ-ին Կառավարության կողմից նախանշված զսպողական հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար և հնարավոր է գտնում այս անգամ ևս թուլացնել դրամավարկային պայմանները:
ԿԲ խորհուրդը մնում է այն կարծիքին, որ մինչ օրս իրականացված քաղաքականությունը ստեղծել է բավարար խթաններ՝ 2017 թ-ին գնանկումային միջավայրի չեզոքացման և կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման համար, սակայն ավանդական դրամավարկային քաղաքականության ապագա հնարավորությունները մնում են սահմանափակ: Այնուամենայնիվ, հավատարիմ մնալով գների կայունության ապահովման խնդրին, ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում, իր գործիքակազմով համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մինչև 2017 թ. փետրվարի 24-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2017թ. առաջին եռամսյակի ծրագրում):
Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նախորդ վերանայումը տեղի էր ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 27-ին` 6.5-ից մինչև 6.25%, բացի այդ, լոմբարդային ռեպոները 8%-ից իջան մինչև 7.75%, բանկերից ներգրավված միջոցների տոկոսադրույքերը` 5%-ից մինչև 4.75%: Մինչ այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել էր`նոյեմբերի 15-ին – 6.75%-ից մինչև 6.5%, որին զուգահեռ իջեցվեցին նաև լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները համապատասխանաբար սահմանելով`8 % և 5 %: Իսկ ավելի վաղ, սեպտեմբերի 27-ին` 7.25%-ից մինչև 6.75%, իսկ դրան զուգահեռ իջեցվեցին նաև լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները համապատասխանաբար սահմանելով`8.25 % և 5.25 %: Իսկ մինչ այդ տոկոսադրույքի վերանայում էր տեղի ունեցել օգոստոսի 16-ին`7,5%-ից մինչև 7,25%, միաժամանակ լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները համապատասխանաբար սահմանելով`8.75 % և 5.75 %: Դրանից առաջ, հունիսի 28-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը 7.75%-ից իջեցվեց մինչև 7.5%, միաժամանակ նվազեցնելով լոմբարդային ռեպո-ները և բանկերից ներգրավված միջոցները`9.25%-ից մինչև 6.25% և 9%-ից մինչև 6%: Իսկ մինչ այդ, 2016 թվականի մայիսի 17-ի նիստում, վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.25%-ից իջեցվեց մինչև 7.75%, իսկ լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվեցին`9.25% և 6.25%, նախկին` 9.75% և 6.75% փոխարեն: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նախորդ փոփոխությունը տեղի էր ունեցել 2016 թվականի մարտի 29-ին, երբ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5%-ից իջեցվեց մինչև 8.25%, իսկ լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները համապատասխանաբար սահմանվեցին`9.75% և 6.75%, նախկին` 10% և 7% փոխարեն: 2016 թվականի առաջին ոփոխությունը տեղի է ունեցել փետրվարի 16-ին՝ 8.75%-ից իջեցվել էր մինչև 8.25%, իսկ լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները համապատասխանաբար սահմանվել էին`10% և 7%,: Մինչ այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցում տեղի էր ունեցել 2015 թվականի նոյեմբերի 10-ին`10,25-ից մինչև 9,75%, երբ լոմբարդային ռեպոների տոկոսադրույքերը 11.75%-ից նվազեցվել էր մինչև 11.25%, իսկ ներգրավվող ավանդների տոկոսադրույքերը` 8.75%-ից մինչև 8.25%: