Արմինֆո. Նախօրեին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է «Նաիրիտ» գործարանը սնանկ ճանաչեելու գործով առաջին նիստը. ընտրվել է խորհուրդ, որը պետք է աշխատի սնանկացման կառավարիչի հետ: «Նաիրիտ» գործարանում ապամոնտաժում են պահեստի սարքավորումը, ինչից հետո արդեն անհնար կլինի ներդրողների ներգրավել», - ժողովի ժամանակ հայտարարել է ձեռնարկության նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը:
Գործարանի նախկին ղեկավարը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ ավեի վաղ ձեռնարկության վերագործարկման նկատմամբ հետաքրքրություն էին հայտնել գործարանի աշխատանքային կոլեկտիվը և սլովակյան EU-ASIA Business Finance Centre հոլդինգը: Սակայն կառավարությունն առ այսօր ոչ մի կերպ չի արձագանքել այդ առաջարկություններին, նշել է նա: Միևնույն ժամանակ, ինչպես կարծում է Իսրայելյանը, նույնիսկ ձեռնարկության գույքի վաճառքից հետո վարկատուները լիովին բավարարված չեն լինի: «Գործարանի բարեխիղճ օտարման պայմանով կարելի է ստանալ 40-50 մլն դոլար, մինչդեռ պարտքը կազմում է շուրջ 100 մլն դոլար», - հայտարարել է նա:
Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդել է սնանկության գծով կառավարիչ Կարեն Ասատրյանը, գործարանն ունի, ընդհանուր առմամբ, 292 վարկատու, որոնցից ամենախոշորներ են Հայաստանի ֆինանսների նախարարությունը (շուրջ 11 մլրդ դրամ), Պետեկամուտների կոմիտեն (10 մլրդ), Երևանի ՋԷԿ-ը, «Գազպրոմ Արմենիան» (շուրջ 23 մլրդ դրամ) և «Նաիրիտ-2» (6 մլրդ դրամ), որոնք էլ ընդգրկվել են վարկատուների խորհրդում: Նա նշել է, որ արդեն ստեղծվել է գույքագրման հանձնաժողով, ձեռնարկության նախկին աշխատակիցներին հիշեցնելով, որ առողջացման ծրագրի ներկայացման ժամկետն օրենքով սահմանափակված էր:
Արդեն ժողովից հետո Կարեն Իսրայելյանը հայտարարիել է. «Այսօր պարզ դարձավ, որ «Նաիրիտը» տանում են լուծարման, գույքի օտարման: Դրանից հետո արդեն ներդրողներ չեն լինի»:
Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 7-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմել էր դատարան, գործարանի կողմից սպառած էլեկտրաէներգիայի վճարները ստանալու և պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 28-ին բավարարել էր հայցը, և գործարանը սնանկ էր ճանաչվել: Գործարանի աշխատակիցները իշխանություններին մեղադրել էին մասնավոր ներդրողի ներգրավմամբ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ավելի վաղ հայտարարված մրցույթի ձախողման համար։ Ավելի վաղ գործարանի վերագործարկմամբ իրենց շահագրգռվածությունն էին հայտնել ինչպես գործարանի աշխտանքային կոլեկտիվը, այնպես էլ՝ EU-ASIA Business Finance Centre հոլդինգը, որը պատրաստ էր մինչև 20 մլն դոլար և մինչև 150 մլն եվրո ներդնել ՙՆաիրիտ՚ գործարանում: Միևնւոյն ժամանակ, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ եթե լինի «Նաիրիտի» հետ կապված ծրագիր, կառավարությունն անպայման այն կքննարկի:
«Նաիրիտ» գործարանը լիովին դադարեցրել է աշխատանքը 2014 թվականին: Գործարանի ընդհանուր պարտքը մոտեցել է 50 մլրդ դրամի (շուրջ 130 մլն դոլար): Մինչև նախորդ դարի 80-ական թվականների վերջը գործարանի արտադրանքն զբաղեցնում էր սինթետիկ կաուչուկի համաշխարհային շուկայի 10-12%-ը: 2006 թվականին «Նաիրիտ» ընկերության բաժնետոմսերի 90%-ը վաճառվել է բրիտանական Rhainoville Property Limited կոնսորցիումին: Կոնսորցիումին է պատկանում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետոմսերի 89,999%-ը, 4,496%-ը պատկանում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, 3,596%-ը` «ՀայՌուսգազարդե ՓԲԸ-ին, 1,907%-ը` «Երևանի ՏԷՑ» ՓԲԸ-ին: 2006 թվականին գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited-ի հիմնական միջոցները գրավադրվել են Միջպետական բանկի 70 մլն դոլար վարկի դիմաց և դարձել են բանկի սեփականություն` վարկը չմարելու արդյունքում: 2015 թվականին Համաշխարհային բանկը Հայաստանի կառավարության պատվերով անցկացրել էր «Նաիրիտ» գործարանի ֆինանսական և տեխնիկական աուդիտ: ՀԲ գնահատականների համաձայն, գործարանի վերագործարկումն աննպատակահարմար է թվում, քանի որ պահանջվում է առնվազն 250 մլն դոլար: Սակայն ներդրողներ հայտնվելու դեպքում էլ ՀԲ փորձագետները կասկածում են, որ գործարանի արտադրանքը գնորդ կգտնի և, ընդհանրապես, կլինի մրցունակ: ՀԲ աուդիտորները հանգել են հետևության, որ ինչպես բութադիենի, այնպես էլ ացետիլենի հիման վրա արտադրական գործընթացի պայմաններում «Նաիրիտի» արտադրանքը կունենա բավականին բարձր ինքնարժեք` նաև հիմնական միջոցների զգալի մասի էական մաշվածության պատճառով: Փորձագետների մեծ մասը կարծում է, որ ՀԲ աուդիտի արդյունքները կարելի է դիտարկել որպես գործարանի սնանկացման գործընթաց սկսելու հանձնարարական, ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ: