Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 20-ին այցելեց «ԱրմենՏել» ՓԲ ընկերություն: Նախարարին ընդունեց Հայաստանում «Beeline»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, կողմերը քննարկեցին հեռահաղորդակցության ոլորտի ներկա մարտահրավերները և զարգացման հեռանկարները։ OTT (over-the-top) հավելվածների հետ խստացող մրցակցության պայմաններում, ինչպես մյուս օպերատորների դեպքում, «Beeline»-ի ձայնային ծառայություններից օգտվողների թիվը ևս նվազում է, հետևաբար կրճատվում են եկամուտները: Ֆինանսական կորուստները հատկապես միջազգային զանգերի մասով են:
Որպես հակաքայլ շուկայի մարտահրավերներին` ընկերությունը վերափոխում է իր ռազմավարությունն ու բիզնես-մոդելը՝ ավանդական ձայնային և տվյալների փոխանցման ծառայություններից անցում կատարելով դեպի թվային ծառայություններ, այն է` բջջային ինտերնետ հարթակում ֆինանսական, հեռուստատեսային և այլ ծառայություններ:
Ռոումինգի գնի վերաբերյալ նախարարի հարցին ի պատասխան, Անդրեյ Պյատախինը հայտնեց, որ «Beeline»-ի կողմից սակագների վերանայում իրականացվել է: Ընկերության տնօրենի խոսքով` ներկայում իրենք Հայաստանում ամենամատչելի ռոումինգ ծառայությունն են մատուցում գրեթե բոլոր ուղղություններով:
Վահան Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու շուկայում գործող բոլոր օպերատորներին` բարելավելու հեռահաղորդակցական ծառայությունների որակը:
Նշենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: «ՎիմպելԿոմ»-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2016 թվականին կազմել է 152 մլրդ. դրամ, տարեկան կտրվածքով կրճատվելով 9.5% (2015-ին ` 6.3% անկում), որտեղ գերիշխում է հաղորդակցությունների հատվածը` 94.2%, ապահովելով 143 մլրդ դրամի հասույթ, կրճատվելով տարեկան կտրվածքով 21.5% (2015-ին ` 6,7% անկում):