Արմինֆո. Վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը համոզված է, որ Իրանի հետ ապրանքաշրջանառությունը կարելի է ավելացնել մինչև 1 մլրդ դոլար: Այդ մասին նա հայտարարել է նախընտրական քարոզարշավի շրջանակում ընտրողների հետ հանդիպմանը: Կառավարության ղեկավարի ասելով, կան Սյունիքում 55 մլն դոլարի ներդրումային նախագծեր իրագործելու ծրագրեր: Բանակցություններ են վարվում Կապանի օդանավակայանի վերագործարկման շուրջ:
«Խոսելով ժողովրդի լեզվով` մենք լավ թափ ենք վերցրել, և եթե դուք այն չկասեցնեք, մենք նույն տեմպով առաջ կընթանանք: Համոզված եմ` Սյունիքում մենք կստեղծենք տարածություն, որտեղ արտադրողի համար բոլոր շուկայական խնդիրները կհասցվեն զրոյի: Սակայն մենք պետք է օգտվենք նաև այն հանգամանքից, որ Սյունիքն Իրանի մերձագույն հարևանն է», - հայտարարել է վարչապետը:
Ինչպես հաղորդել է գործադիր իշխանության ղեկավարը, տվյալ պահի դրությամբ վերջնական բանակցություններ են վարվում ազատ տնտեսական գոտու ստեղծման շուրջ: «Կարծում եմ, շատ շուտով կհաղորդենք ԱՏԳ մեկնարկի մասին», - ասել է նա: Նրա հավաստմամբ, հայկական կողմը Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Բելառուսի գործընկերներին արդեն առաջարկել է օգտագործել Մեղրիի հարթակը Իրան դուրս գալու նպատակով նրանց կապիտալը ներգրավելու համար: Կարեն Կարապետյանը նաև նշել է, որ իրանական կողմի հետ բանկցություններ են վարվում ԱՏԳ շրջանակում լայնածավալ արտահանման գծով հատուկ ընկերության ստեղծման շուրջ: «Այսօրվա դրությամբ Իրանի հետ ապրանքաշրջանառությունը չափազանց ցածր է, 50-75 մլն դոլար` չհաշված էներգետիկայի ոլորտը: Այդ բնագավառում մենք ունենք ֆենոմենալ աճ արձանագրելու հնարավորություն, և վերամբարձ չէ այն միտքը, որ մենք ի զորու ենք այդ ցուցանիշը հասցնել մինչև 1 մլրդ դոլարի», - նշել է Կարեն Կարապետյանը:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի և Իրանի միջև արտաքին առևտրի շրջանառությունը 2016 թվականին կազմել է 238.9 մլն դոլար` 14,7% տարեկան անկմամբ, մասնավորապես, արտահանումը կազմել է 74.8 մլն դոլար` 8,4% տարեկան անկմամբ, իսկ ներմուծումը կազմել է 164.1 մլն դոլար` 17,3% տարեկան անկմամբ: 2015 թվականին այդ ցուցանիշների անկման տեմպերն ավելի պակաս էին. Հայաստանի և Իրանի միջև արտաքին առևտրի շրջանառությունը կրճատվել էր 5,2%-ով, արտահանումը` 8,2%-ով, իսկ ներմուծումը` 3,9%-ով: