Արմինֆո. Սույն թվականի մարտի 15-ից ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածում Բանկը կտեղաբաշխի իր պարտատոմսերի երրորդ՝ այս անգամ արդեն դրամային տրանշը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Բանկի պարտատոմսերի 3-րդ թողարկումը ներառելու է 20,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 50,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12.25% տարեկան տոկոսադրույքով եւ 2 տարի շրջանառության ժամկետով:
Պարտատոմսերի տեղաբաշխումը տեղի կունենա բորսայի տեղաբաշխման հարթակում մարտի 15-ին:
«Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել Բանկի գլխամասային գրասենյակում կամ մնացած 13 մասնաճյուղերում: Պարտատոմսեր ձեռքբերած հաճախորդներին Անելիք Բանկն առաջարկում է մի շարք առավելություններ` ՀՀ դրամով արդեն հաստատված վարկային սահմանաչափ` գնված պարտատոմսի գումարի 50 տոկոսի չափով, Hotel Express-Anelik համատեղ բրենդային նվեր քարտ, Priority pass ծառայության տրամադրում աշխարհի 700 օդանավակայաններում, VIP-lounge ծառայության հասանելիություն ու բժշկական ապահովագրություն` կախված գնված պարտատոմսերի ծավալից: Պարտատոմսերի տեղաբաշխման նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռք բերել, կազմում է 500.000 ՀՀ դրամ: Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում»,-նշեց Անելիք Բանկի վարչության նախագահի խորհրդական Կարեն Նալբանդյանը:
Ներկայումս «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում» շրջանառվում են Անելիք Բանկի արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի մեկ թողարկումը, 5 մլն. դոլար ծավալով: Այդ պարտատոմսերն իր պատմությա մեջ Անելիք Բանկն առաջին անգամ թողարկեց 2016 թվականի դեկտեմբերին, որոնց տարեկան եկամտաբերությունը կազմում է 6.5%, իսկ շրջանառության ժամկետը` 2 տարի: Առաջին թողարկումը ֆոնդային բորսայում ցուցակվեց 2017-ի հունվարի 20-ին և շրջանառվում է Abond հիմնական ցուցակում: Բանկի դոլարային պարտատոմսերի երկրորդ թողարկումը (5 մլն.դոլար, տարեկան եկամտաբերությունը`6.5%, շրջանառության ժամկետը`2 տարի) դեռ չի ցուցակվել ֆոնդային բորսայում:
Նշենք, որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում 2017 թվականի մարտի 13-ի դրությամբ շրջանառվում են 9 թողարկողների կորպորատիվ պարտատոմսերի 25 թողարկումները, որից 16-ը` 6 թողարկող-բանկերի կողմից, ընդ որում, 14-ը`դոլարային թողարկումներ են, այդ թվում` Արարատբանկ – 6 թողարկում ( 5 - դոլարային), Ամերիաբանկ – 3 թողարկում (2 դոլարային) Արմսվիսբանկ – 3 թողարկում (բոլորը դոլարային), Հայբիզնեսբանկ – 2 թողարկում (1 - դոլարային), Անելիք բանկ և Յունիբանկ – 1-ական թողարկում` դոլարային: Abond հիմնական ցուցակում շրջանառվում են Ամերիաբանկի 3 թողարկումները և Անելիք Բանկի և Յունիբանկի մեկական թողարկումները, իսկ երկրորդային Bbond ցուցակում շրջանառվում են`Արարատբանկի 6 թողարկումները, Արմսվիսբանկի 3 թողարկումները և Հայբիզնեսբանկի մեկ թողարկումը, իսկ Cbond ազատ շուկայում` Հայբիզնեսբանկի մեկ թողարկումը:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, որոնք ԱրմԻնֆո-ին են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում 2016 թվականին կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ծավալը 2015 թվականի 32% աճից նվազեց մինչև 19.3% անկում: Կորպորատիվ պարտատոմսերով ֆոնդային բորսայում 2016-ին կատարվել է 11,482 մլրդ դրամի ($ 23.7 մլն) գործարք,2015 թվականի`14,231 միլիարդ դրամի փոխարեն:
Հիշեցնենք, որ Անելիք Բանկի շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկի անուղղակի մեծամասնական բաժնետերերն են հանդիսանում ֆիզիկական անձինք` Tarek J. Khalefe (CreditBank S.A.L) և Վարդան Դիլանյանը (FISTOCO ՍՊԸ):