Արմինֆո. Սննդամթերքի գների աճի համար օբյեկտիվ պատճառներ չկան, հայտարարել է ՀՊՏՀ տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ Ատոմ Մարգարյանը:
Փորձագետի կարծիքով, այսօր չկան ինչպես Հայաստանի տնտեսական իրավիճակով, այնպել էլ համաշխարհային միտումներով պայմանավորված գործոններ, որոնք կարող էին հանգեցնել սննդամթերքի, մասնավորապես՝ լայն սպառման ապրանքների թանկացման: Միաժամանակ տնտեսագետը հիշեցնում է, որ նախընտրական շրջանը ենթադրում է օրինական և անօրինական լուրջ ծախսեր: «Տեսնում ենք, որ խոշոր գործարարները նույնպես ներգրաված են ընտրական գործընթացում՝ հատկապես ռեյտինգային ցուցակներով»,- նշել է Մարգարյանը:
Հետևաբար, տնտեսագետի կարծիքով, անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել գործընթացը: Իսկ դրանով, նրա կարծիքով, պետք է զբաղվի հանձնաժողովը, որը վճարվում է այդ աշխատանքի համար»:,- հայտարարել է Ատոմ Մարգարյանը՝ մատնացույց անելով Արտակ Շաբոյանին /ՏՄՊՊՀ ղեկավար/:
Նշենք, որ վերջին օրերին Հայաստանի պարենային ապրանքների շուկայում կտրուկ գնաճ է սկսվել: 2017 թ. հունվար-փետրվարին սպառողական գներն աճել են 1,7%-ով՝ պարենային ապրանքների 5,5% թանկացման պատճառով, ոչ պարենային ապրանքների 1,2% էժանացման և ծառայությունների սակագների 1,6% նվազման դեպքում: Հիմնականում թանկացել են լայն սպառման ապրանքները, որոնց ներմուծողները, զարմանալի զուգադիպությամբ, առաջադրվել են Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակներով: Խոսքը վերաբերում է բանանի, շաքարավազի, բենզինի, շոկոլադի և այլ ապրանքների ներմուծմանը: Շաքարավազը թանկացել է տարեկան կտրվածքով 16,3%-ով, իսկ միայն փետրվարին 1,1%-ով, ըստ որում՝ մայրաքաղաքում շաքարավազի գինը փետրվարին աճել է 1,5%-ով: