Արմինֆո. Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծումը պետք չէ դիտարկել որպես Ռուսաստանի կողմից նվեր՝ ելնելով բարեկամական հարաբերություններից, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը: «Դա փոխշահավետ նախաձեռնություն է»,- ընդգծել է նա:
Փորձագետի կարծիքով, Ռուսաստանը, հանդես գալով Հիմնադրամի ստեղծման նախաձեռնությամբ, մտադիր է ֆինանսավորել այն հայկական արտադրական ձեռնարկությունները, որոնց արտադրանքն օգուտ կբերի Ռուսաստանի տնտեսությանը: «Իրականում դա նպատակային նախաձեռնություն է: Ռուսական կողմը նախատեսոմ է Հայաստանում զարգացնել այն ոլորտները, որոնք էական նշանակություն ունեն իրենց տնտեսության համար»,- պարզաբանել է Մակարյանը՝ ընդգծելով նման մոտեցումների ճիշտ գնահատման կարևորությունը:
Փորձագետը գտնում է, որ այդ հիմնադրամի ձևավորումը պետք է իր վրա վերցնի ռուսական մասնավոր հատվածը՝ իրականացնելով գնումներ, խթանելով որոշակի արտադրություններ և այլն: Հայաստանի համար ներդրումային հիմնադրամների ստեղծումը կնպաստի ժամանակակից ձեռնարկությունների և արտադրությունների գործարկմանը, որոնք անհրաժեշտ են Հայաստանի տնտեսական աշխուժացման համար:
Նշենք, որ Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Հայաստանի «ՓՄՁ ներդրումներե ունիվերսալ վարկային կազմակերպությունը մարտի 15-ին Մոսկվայում համաձայնագիր են ստորագրել՝ ստեղծելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։ Կողմերը մտադիր են մշակել ներդրումային գրավչություն ունեցող ծրագրեր` նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացմանը և Հայաստանի` Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրմանը: Հայաստանի և Ռուաստանի միջև ստեղծվող ներդրումային հիմնադրամի կանոնադրական կապիտալը կկազմի 100 մլն դոլար ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, առևտրի շրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև 2016 թվականին ավելացել է 15.1%, մինչև $ 1,3 մլրդ:Մասնավորապես, արտահանումն աճել է 51,5%, մինչև $ 371 մլն, իսկ ներմուծումն աճել է 5.7%, մինչև $ 996 մլն: