Արմինֆո. «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի ներդրումների ծավալը Հայաստանում կազմել է 140 միլիոն դոլար: Այդ մասին նախօրեին հայտնել են վարչապետ Կարեն Կարապետյանին` Արարատի ոսկու կորզման գործարան այցելության ժամանակ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը ծանոթացել է ձեռնարկության գործունեությանը, ընթացիկ իրավիճակին, ցուցանիշներին և զարգացման ծրագրերին: Արարատի գործարանում կառուցվել է «Ալբիոն» տեխնոլոգիական բլոկ, որն ապահովում է ոսկու կորզման ամենաբարձր մակարդակը՝ պահպանելով բնապահպանական չափանիշները: Հայաստանյան այս նախագիծը դարձել է տեխնոլոգիայի կիրառման առաջին փորձն աշխարհում: Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի արդիականացման արդյունքում աշխատատեղերի թիվը ավելացել է 130-ով: Ներկայում ընկերությունում աշխատում է 1058 մարդ: Արտադրական սեկտորի միջին աշխատավարձը կազմում է 233 հազար դրամ:
Նշենք, որ GeoProMining ընկերությունը մետաղների դիվերսիֆիկացված ռեսուրսներով միջազգային մասնավոր ընկերություն է, որը ոսկի է արտադրում «Dora» համաձուլվածքի և պղնձի, մոլիբդենի և սյուրմայի խտանյութերի տեսքով: Ավստրալական Xstata Technology և Core Process Engineering ընկերությունների կողմից մշակված «Ալբիոն» տեխնոլոգիան թույլ է տալիս էապես ավելացնել մետաղի արդյունահանումը դժվար կորզվող սուլֆիդային հանքաքարից, որով հարուստ է Սոթքի հանքավայրը: Տեխնոլոգիան համատեղում է գերմանրացում և օքսիդացման ալկանահանում: Ներկայումս աշխարհում գործում են երեք ձեռնարկություններ, որոնք կիրառում են «Ալբիոն» տեխնոլոգիան: Նրանցից երկուսը, որոնք գտնվում են Իսպանիայում և Գերմանիսյում, վերամշակում են ցինկի սուլֆիդի խտանյութը, իսկ մյուս գործարանը, որը վերամշակում է դժվար կորզվող ոսկու-արծաթի խտանյութը, գտնվում է Դոմինիկյան հանրապետությունում: Արարատի ոսկու կորզման գործարանը ոսկի պարունակող հանքաքարի վերամշակման համար «Ալբիոն» տեխնոլոգիայի կիրառման երկրորդն փորձն է աշխարհում: