Արմինֆո. ՀՀ կառավարության այսօր կայացած նիստում երկրի վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ մեր երկիրը որպես զբոսաշրջային երկիր թերագնահատված է և ունի անհամեմատ ավելի բարձր պոտենցիալ զբոսաշրջության ոլորտում:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, Հայաստանը որպես զբոսաշրջային երկիր գովազդող հոլովակների արտադրության և միջազգային ԶԼՄ-ներով տարածելու վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշել է. «Չնայած այն փաստին, որ վերջին հինգ տարիներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է շուրջ 9 տոկոս, մեր երկիրը որպես զբոսաշրջային երկիր թերագնահատված է։ Համոզված եմ, որ Հայաստանն ունի անհամեմատ ավելի բարձր պոտենցիալ զբոսաշրջության ոլորտում։ Ի լրումն ծրագրավորված և արդեն իսկ իրականացվող գործնական քայլերի, խիստ անհրաժեշտ եմ համարում Հայաստանի, որպես աշխարհում ամենագրավիչ զբոսաշրջային երկրներից մեկի, նկարագրի ձևավորումը»։
Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին շարունակել ակտիվ և թիրախային մարքեթինգային և խթանման միջոցառումների իրականացում, այդ թվում՝ երկշաբաթյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետությունը, որպես զբոսաշրջային երկրի գովազդող թիրախավորված գովազդատեղեկատվական նյութերի մշակումը և տարածումը, էլեկտրոնային մարքեթինգի իրականացումը, ներառյալ բարձրորակ հոլովակների արտադրությունն ու դրանց լայն տարածումը միջազգային սոցցանցերով և օտարերկրյա ԶԼՄ-ներով հեռարձակումը։ Վարչապետը հանձնարարել է նաև իր խորհրդական Արմեն Ավակ Ավակյանին կոորդինացնել այդ աշխատանքները:
Ըստ Զբոսաշրջության պետական կոմիտեի տվյալների, 2016 թվականին Հայաստանի զբոսաշրջության ոլորտի աճը կազմել է 5.7%: Հանրապետություն է ժամանել2.867 մլն օտարերկրացի, որոնցից 1.259 մլն-ը` զբոսաշրջության նպատակով: Ոլորտի տարեկան զարգացման ծավալներում ամենամեծ դերն ունեն` Ռուսաստանի, Իրանի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Չինաստանի քաղաքացիները: Իրանցի զբոսաշրջիկների թիվը 2016-ին աճել է 30%, իսկ ռուսաստանցիներինը` 2.3%,նախորդ տարվա 6% անկման փոխարեն: Զբոսաշրջության պետական կոմիտեն մտադիր է մինչև 2020 թվականը կրկնապատկել դեպի Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա զբոսաշրջիկների ներհոսքը: