Արմինֆո. Հայաստանի Վայոց Ձորի Վայք համայնքում կկառուցվի 983.6 կՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան: Այն իրականացնում է «Կլին էներջի» ընկերությունը, որը Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ստացել է կայանի շինարարության և շահագործման լիցենզիա:
Ըստ ՀԾԿՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության ղեկավար Սեդա Շահինյանի, ներկայումս Վայք համայնքում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ: Կայանը, ըստ լիցենզիայի, շահագործման կհանձնվի մինչև 2017 թվականի սեպտեմբերի 30-ը: Լիցենզիան ուժի մեջ կլինի մինչև 2037 թվականի սեպտեմբերի 30-ը:
Նշենք, որ Հայաստանում մեկնարկել է էներգիայի այլընտրանքային աղբյուրների շինարարության ծրագիրը: Ըստ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 129 մլն.դոլար: Իսկ արևային էներգիայի ամենամեծ կայանը, 50 ՄՎտ հզորությամբ, կկառուցվի «Մասրիկ» գյուղում, որի մրցույթը կհայտարարվի առաջիկայում: «Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի տարբեր մարզերում կառուցել մինչև 110 մեգավատ հզորությամբ արդյունաբերական նշանակության կայաններ: Հետազոտված վեց բնակավայրերից երկուսի համար իսպանական «Արիես ինժեներիա» խորհրդատվական ընկերությունն արդեն ներկայացրել է տեխնիկա-տնտեսական հիմնավորումները: Դա վերաբերվում է Գեղարքունիքի մարզի «Մասրիկ» և Արագածոտնի մարզի «Դաշտադեմ» համայքներին, իսկ մյուս չորս բնակավայրերում հետազոտական աշխատանքները շարունակվում են: Մրցույթի հիմնական պայմաններից մեկը կլինի ներդրողների կողմից առաջարկվող սակագինը: Առավելություն կստանա այն ընկերությունը, որը կառաջարկի նվազագույն սակագին:
Այդ նպատակով 28 մլն. Դոլար է տրամադրել Կլիմայի ներդրումային հիմնադրամը, որից 2 մլն դոլարը`դրամաշնորհի տեսքով, իսկ 26 մլն.դոլարը`վարկի: Վարկի պայմաններն են` 0.25% տարեկան տոկոսադրույք, 40 տարի մարման ժամկետ և առաջին 20 տարիների համար վճարումների արտոնյալ ժամանակահատված: Դրամաշհորհային միջոցներով իրականացվում են տեղի հետազոտման, նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորումների աշխատանքները, որը հաշվարկված է 100-120 Մվտ հզորությամբ կայանի համար: