Արմինֆո. «Տարոն Ավիա» ընկերությունը կսկսի Ռոստով-Գյումրի չվերթների իրականացումը:
Ինչպես հաղորդում են Ռոստովի օդանավակայանի մամուլի ծառայությունը, Դոնի Ռոստովի միջազգային օդանավակայանի չվացուցակում ավելացել է նոր չվերթ, 2017 թվականի ապրիլի 26-ից «Տարոն Ավիա» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի դեպի Գյումրի: Մինչև գարնան վերջը թռիչքները կիարկանացվեն շաբաթական մեկ անգամ, չորեքշաբթի օրերին, իսկ մայիսի 31-ից`նաև շաբաթ օրը:
Ըստ ժամանակացույցի, մեկնումը Գյումրիից տեղի կունենա ժամը 08:45-ին, ժամանումը Դոնի Ռոստով - ժամը 09:15-ին, մեկնումը Դոնի Ռոստովից` ժամը 10.45-ին, ժամանումը Գյումրի`ժամը 13:05-ին: Տևողությունը կկազմի 1 ժամ 20 րոպե: Չվերթները կիրականացվեն Boeing 737-500 հարմարավետ օդանավերով: Տոմսերի վաճառքն արդեն բացվել է ավիաընկերության կայքում:
Նշենք,որ Գյումրի «Շիրակ» օդանավակայանը երկար ժամանակ թռիչքներ չի իրականացնել, բայց իրավիճակը փոխվեց այն բանից հետո, երբ վարչապետի Կարեն Կարապետյանը ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում հոկտեմբերի 20-ին հայտարարեց, որ բանակցություններ են ընթանում ավիաընկերությունների հետ, որպեսզի որոշ չվերթներ ուղղվեն դեպի «Շիրակը» օդանավակայան: Վարչապետի այդ հայտարարությունից հետո, 2016-ի դեկտեմբերի 15-ից թռիչքներ սկսեցին իրականացնել «Պոբեդա» լոուքոստերի ինքնաթիռները`երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի օրերին:
Նշենք, որ «Շիրակ» օդանավակայանը կազմում է «Արմենիա Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մասը, որն ստեղծվել է արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից: Օդանավակայանը գտնվում է Գյումրիից 5 կմ հեռավորության վրա, կառուցվել է 1961 թվականին և հանդիսանում է երկրորդ խոշորագույն օդանավակայանը Հայաստանում: