Արմինֆո. Աշխատանքային այցով Բիշկեկում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների ղեկավարների՝ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և նիստին հրավիրված Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Նիստին ներկա է եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, կանոնակարգի համաձայն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերը վարել է Կազմակերպությունում նախագահող երկրի` Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Օրակարգի մեկ տասնյակ հարցերի շարքում ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահներին ներկայացվել է 2015-2016 թվականներին Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունների իրականացման վերաբերյալ զեկույցը, քննարկվել են 2017-2018 թվականներին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների, Բարձրագույն խորհրդին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամների թեկնածուների ներկայացման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ փաստաթղթերը:
Անդրադարձ է եղել նաև մի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության ու միության անդամ պետությունների, մյուս կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված՝ մշակման փուլում գտնվող ժամանակավոր համաձայնագրի նախագծին:
Ի թիվս այլ հարցերի, նիստի ընթացքում քննարկվել է Մոլդովայի Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միության դիտորդ-պետության կարգավիճակ տրամադրելու հարցը: Նախագահները որոշել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստն անցկացնել ս.թ. հոկտեմբերի 11-ին Մոսկվայում: