Արմինֆո. Կոնվերս Բանկը վերանայել է Ինտերնետ Բանկինգ ծառայության տրամադրման պայմանները: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունից, այսուհետ Բանկի գործող և նոր հաճախորդներին այն կտրամադրվի անվճար:
« Անվճար Ինտերնետ Բանկինգ ծառայության տրամադրումը Կոնվերս Բանկի՝ թվային ծառայությունների զարգացման և արդիականացման քաղաքականության շրջանակում հերթական քայլն է, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում խնայել ժամանակը՝ բանկային գործարքներն իրականացնելով տնից կամ հարմար ցանկացած այլ վայրից : Ծառայությունը հասանելի է լինելու շաբաթվա բոլոր օրերին՝ ցանկացած ժամի»,-ասել են Բանկում՝ նշելով, հաճախորդների համար սպասարկման լավագույն պայմանների, ինչպես նաև օն լայն հարթակներում բանկային գործարքների անվտանգության ապահովումը Կոնվերս Բանկի առաջնահերթություններից է:
«Կոնվերս Բանկը հաճախորդներին առաջարկում է օգտվել անվճար Ինտերնետ Բանկինգ ծառայությունից՝ երաշխավորելով բանկային գործարքների բարձր մակարդակի պաշտպանվածություն: Համակարգում տվյալները գաղտնագրվում են ներկայիս ամենաապահով 128-բիթ Secure Socket Layer(SSL) տեխնոլոգիայի միջոցով, իսկ համակարգ մուտք գործելն ու բազմազան գործարքների իրականացումը լրացուցիչ պաշտպանվում են անվտանգության սարքի օգտագործմամբ: Համակարգում կիրառվում են օն լայն համակարգերի համար նույնականացնող սարքերի արտադրության ոլորտի առաջատար VASCO Data Security ընկերության Digipass ընտանիքի սարքերը»,- եզրափակել են Բանկում:
Նշենք, որ Converse Bank Ինտերնետ Բանկ համակարգը բանկային ծառայությունների հեռահար սպասարկման համակարգ է: Այն հնարավորություն է ընձեռում ինտերնետի միջոցով արագ և անվտանգ կառավարել ֆինանսները՝ ցանկացած պահի, ցանկացած վայրից, և ապահովում է բանկային ծառայությունների լայն շրջանակ: Համակարգը հնարավորություն է տալիս կատարել միջազգային և տեղական փոխանցումներ, արտարժույթի փոխանակում, վարկի մարում, ավանդի բացում, համալրում, կոմունալ վճարումներ և այն:
Նշենք, որ «Կոնվերս Բանկըե Հայաստանում գործում է 1996 թվականի սպտեմբերից: 2017 թվականի հունվարի 1-ից որպես բանկի բաժնետերեր հանդես են գալիս Advanced Global Investments LLC-ն` 80,94%, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ Բի.Վի.ե ընկերությունը` 14.06% և Էջմիածնի Մայր տաճարը` 5%: