Արմինֆո. Զբոսաշրջիկների համար նախատեսված տեղեկատվական կենտրոնների միավորման նպատակով ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեն հանդիպում էր կազմակերպել Հայաստանում գործող կառույցների համար: Այս մասին մայիսի 15-ին լրագրողներին հայտնել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի ղեկավար Զարմինե Զեյթունցյանը, նշելով, որ առաջարկվում է կառուցները միավորել մեկ միասնական ապրանքանիշի ներքո, համագործակցության միասնական մոդելի շրջանակներում: «Շատ կարևոր է, որպեսզի զբոսաշրջիկները հասկանան, որ աշխատում են պետական մակարդակի կառույցի հետ»,-ասել է նա:
Պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին, Զեյթունցյանը նշել է, որ այս տարի կառավարությունը հաստատել է տեղեկատվական կենտրոնների ֆինանսավորումը Հայաստանի 5 քաղաքներում`Գառնիում, Գորիսում, Գյումրիում, Սևանում և Դիլիջանում: «Քաղաքների մեր ընտրությունը պայմանավորված է զբոսաշրջիկների այցելություններով այդ քաղաքներ»,-ընդգծել է նա: Ըստ Զեյթունցյանի, ֆինանսավորումը ենթադրում է աշխատավարձերի ապահովում տեղեկատվական կենտրոնների աշխատակիցներին: Նա նշել է, որ յուրաքանչյուր կենտրոնում կլինի 2-ական աշխատակից: «Ծրագրի տարեկան ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 81 մլն.դրամ, իսկ հաջորդ տարի մենք կընդլայնենք մարզերի ցանկը»,-ասել է նա, նշելով, որ նման Կենտրոնի ստեղծում է նախատեսվում նաև Մեղրիում` իրանցի զբոսաշրջիկների համար:
Մասնավորապես, տեղեկատվական կենտրոններում զբոսաշրջիկների անվճար հիմունքներով կտրամադրվեն հետաքրքիր տեղեկություններ Հայաստանի տրանսպորտի երթուղիների վերաբերյալ, քարտեզներ և այլն: «Քանի որ մտադիր ենք միավորել Հայաստանի զբոսաշրջության ոլորտը, ուրեմն առաջին հերթին անհրաժեշտ է բարելավել ծառայությունների որակը», - ավելացրել է նա:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Վրաստանի տեղեկատվական կենտրոններում աշխատում է 30 մարդ, ովքեր իրենց համարում են զբոսաշրջության պետական կոմիտեի լիարժեք անդամներ, ընդգծելով, որ երկրի կառավարությունը լիովին ֆինանսավորում է աշխատակիցների աշխատանքը: «Հայաստանում տեղեկատվական կենըրոնների գործունեությանմասին ավելի մանրամասն տեղեկություններ կտրամադրենք այսօր կայացած քննարկումներից հետո, երբ սահմանվեն զբոսաշրջիկների հիմնական պահանջները և կենտրոնների գործունեության մյուս հարցերը», - եզրափակել է Զեյթունցյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն ստեղծվել է 2016 թվականի հոկտեմբերին: