Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Չինաստանի մայրաքաղաք Պեկին կատարած այցի ընթացքում հանդիպել է մի շարք խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների` քննարկելու տրանսպորտի, ճանապարհաշինության և ՏՏ ոլորտներում հնարավոր համագործակցության ուղղությունները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, չինական «Պոլի» ընկերության փոխնախագահ Դաի Նինգի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության հնարավորությունները: Առաջիկայում նախատեսվում է «Պոլի» ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստան, որի ընթացքում էլ առավել համակողմանի կքննարկվեն համագործակցության ուղիները:
Վահան Մարտիրոսյանը հանդիպել է նաև «Avic» ընկերության փոխնախագահ Վանգ Ռունլանին: Ընկերությունը մասնագիտացած է ենթակառուցվածքների նախագծման գործում: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ` ճանապարհաշինության ոլորտում հետագա համագործակցության ուղղությամբ:
2016 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի և Չինաստանի միջև առևտրային շրջանառությունը կազմել է 454 մլն 36,4 հազար դոլար: Նախորդ տարվա համեմատ այդ ցուցանիշը նվազել է 5,7%-ով: 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի և Չինաստանի միջև արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 81.4 մլն դոլար (51,4% տարեկան աճ), որից ներմուծմանը բաժին է ընկնում 63.7 մլն դոլար (65,9% տարեկան աճ), իսկ արտահանմանը` 17.8 մլն դոլար (15,3% տարեկան աճ):