Արմինֆո. Թուրքմենստանը հետաքրքրված է գազով ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հայաստանյան փորձով։ Վերջերս այդ երկիր ՀՀ վարչապետի կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, ոլորտում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով՝ Հայաստան է ժամանել «Թուրքմենգազե պետական կոնցեռնի պատվիրակությունը։
Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ինչպես նաև գազալցակայանների համար սարքավորումներ արտադրող տեղական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանի փոխանցմամբ, քննարկվել են գազի ոլորտում համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ «Թուրքմենստանը շահագրգռված է մասնավորապես ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման հայաստանյան փորձի կիրառմամբ։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել ինչպես սարքավորումների մատակարարման, այնպես էլ գազալցակայանների կառուցման և շահագործման փորձի տեղայանացման հետ կապված բոլոր հարցերում»- ասել է Հայկ Հարությունյանը։
Նշենք, որ Հայաստանում արտադրվում են ԱԳԼՃԿ-ների կառուցման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները։ Համագործակցության շրջանակներում դիտարկվում են թուրքմենական շուկա դրանց մատակարարման հնարավորությունները։