Արմինֆո. Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում մայիսի 29-ից հունիսի 2-ը ծավալներն աճել են 14.9%, նախորդ շաբաթ տեղի ունեցած 3.4% աճից հետո: Դրան զուգահեռ, ներբանկային շուկայում դիտվեց դոլարով և եվրոյով գործարքների տարաբնույթ դինամիկա, իսկ ռուբլուվ գործարքներում արձանագրվեց դրական դինամիկա: Այդ պայմաններում բորսայական հարթակը կրկին լուռ էր:
Արդյունքում, հաշվետու շաբաթ դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվեց` 481.5-ից մինչև 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ`539-ից մինչև 541 դրամ/եվրո մակարդակ, իսկ ռուբլու նկատմամբ թուլանալով`8.5-ից մինչև 8.6 դրամ/ռուբլի մակարդակ: Մինչ այդ, 2016 թվականի հունիսի 2-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել էր 478 դրամ/դոլար, եվրոյի նկատմամբ`536 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ`7.3 դրամ/ռուբլի:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, մայիսի 29-ից հունիսի 2-ը NASDAQ OMX Armenia բորսայական հարթակում գործարքներ չեն եղել: Արտարժույթի միջբանկային շուկայում ծավալները կազմել են 10.341 մլն. դոլար, միջին փոխարժեքը` 482.14 դրամ/դոլար (նախորդ շաբաթ`482.17 դրամ/դոլար): Արժույթի միջբանկային շուկայում առավելագույն ծավալներն արձանագրվել են չորեքշաբթի օրը` 3.8 մլն.դոլար,իսկ նվազագույն ծավալները` շաբաթվա վերջին – 600 հազ.դոլար: Դրան զուգահեռ, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից դոլարի առքի ծավալը նվազեց 4%, իսկ վաճառքի ծավալն աճեց 13.3%: Եվրոյով գործարքներում առքի ծավալներն աճեցին 35%, իսկ վաճառքի ծավալները նվազեցին 22%: Իսկ ռուբլիով գործարքներում առքի ծավալներն աճեցին 21%,իսկ վաճառքի ծավալները` 18%: Արդյունքում, գնվել է $ 66.7 մլն., 481.03 դրամ / $ 1 միջին փոխարժեքով, 10.3 մլն եվրո, 536.46 դրամ / եվրո միջին փոխարժեքով և 1.062 մլրդ. ռուբլի, 8.45, դրամ/ռուբլի միջին փոխարժեքով, իսկ վաճառվել է $ 88.41 մլն, 482.57 դրամ/$ 1 միջին փոխարժեքով, 11.2 մլն. եվրո, 540.64 դրամ/ եվրո միջին փոխարժեքով և 495.2 մլն. ռուբլի 8.55 դրամ / ռուբլի միջին փոխարժեքով:
Աղբյուրի համաձայն, նախորդ շաբաթ (մայիսի 22-27-ը) Հայաստանի բանկերի կողմից տրամադրվել է 38.9 մլրդ-ի դրամային և 63.8 մլն-ի դոլարային վարկեր: Դրան նախորդող ժամանակահատվածի համեմատ դրամային վարկերի ծավալները նվազել են 21%, իսկ դոլարային վարկերի ծավալները աճել են 2.2 անգամ: