Արմինֆո. Վերամշակող ձեռնարկությունները 2015-2016 թվականներին ֆերմերների հանդեպ մրգերի և բանջարեղենի մթերման դիմաց կուտակված 1660.4 մլն. դրամ պարտքից հունիսի 7-ի դրությամբ դեռ պարտք են մնացել 187 մլն դրամ: «Դրանից մոտ 20 մլն.դրամ բաժին է ընկնում «վինար» ՍՊԸ-ին, իսկ մնացած պարտապաններն են`«Արենի Վայն», «Հայասի գրուպ», «Արմենիա Վայն», «Երասխի գինու գործարան», «Բորոդինո», «Նոյան», «Եվրոթերմ» և «Արտաշատի պահածոների գործարան» ընկերությունները: Մեր խնդիրն է, որպեսզի պարտքերը մարվեն մինչև ամսվա վերջ, և կաշխատենք նրանց աջակցել արտադրանքի վաճառքի հարցում», - հունիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, պատասխանելով, ԱրմԻնֆո գործակալության հարցին:
Ըստ նրա, 187 մլն.դրամից մոտ 80 մլն դրամը կուտակվել է 2015 թվականի գնումների արդյունքում: Պարտքերի արագ մարումը վերահսկելու նպատակով գյուղատնտեսության նախարարությունն ամեն օր աշխատում է մթերող ձեռնարկությունների հետ: «Որոշ ձեռնարկություններ անցյալ տարի գնել են նախատեսվածից ավելի, և դրանց հետէլ են իրականացվում աշխատանքներ, որպեսզի թույլ չտրվի վճարումների գծով պայմանագրային պարտավորությունների խախտում », - ասել է Մակարյանը:
Նախարարն անդրադարձել է նաև «Վինար» տխրահռչակ ընկերությանը: Նախարարը, ըստ փոխնախարարի, դիմել էր «Շահնազարյան» գինու-կոնյակի տանը, ինչի արդյունքում հաջողվեց իրացնել 50 մլն.դրամի կոնյակի սպիրտ և կրճատել Քաղցրաշեն համայնքի ֆերմերների հանդեպ կուտակված պարտքի մի մասը:
«Ըստ մեր գնահատականների, մնացել է ընդամենը մոտ 20 մլն դրամի չմարված պարտք: Ներկայումս Արարատի մարզի ղեկավարությունն իրականացնում է ընկերության պարտքերի որոշմանն ուղղված հերթական ամփոփիչ գույքագրումը է, մարման ժամկետների սահմանելու համար», - ասել է Մակարյանը:
Ուշացումներ են նշվել նաև մթերված լոլիկի դիմաց: Երկու խոշոր մթերող`«Նոյան» և «Արտաշատի պահածոների գործարան» ընկերությունները, ըստ փոխնախարարի, անցյալ տարի գնել են ավելի մեծ քանակությամբ լոլիկ և այսօր ֆերմերներին դեռ պարտք են 20-25-ական դրամ: «Նրանք խոստացել են այդ պարտքը մարել մինչև հունիսի վերջը», - ասել է փոխնախարարը:
Ավելի վաղ, ապրիլի 20-ին, փոխնախարար Ռոբերտ Մակարյանը հայտարարել էր, որ «Վինար» ընկերությունն Արարատի մարզի ֆերմերներին պարտք է դեռ 2015 թվականից և չունի իրացվելի ակտիվներ, որոնք հնարավորություն կտան մարել պարտքերը: Ավելին, ընկերությունը, որի շրջանառությունը նախկինում կազմում էր միլիոնավոր դոլարներ, պարզվում է, որ ոչինչ չունի, քանի որ արտադրությունը կազմակերպվել էր վարձակալված տարածքում, իսկ պետության կողմից ընկերոթյունից առգրավված սպիրտը բոլորովին էլ «կոնյակի» սպիրտ չէր և ամբողջությամբ ոչ իրացվելի, իսկ ամենագլխավորը, որ «Վինարը» այդ տեսակի գործունեության իրականացման լիցենզիա չի ունեցել: Սպիրտի որոշ մասն ուներ լավ որակ, և գյուղատնտեսության նախարարությունը կարողացավ այն իրացնել, մարելով պարտքերի միայն մի փոքր մասը:
Դեռ 2016 թվականի վերջին գյուղատնտեսության նախարարությունը դիմել էր ՀՀ Գլխավոր դատախազություն, ֆերմերների խախտված իրավունքները վերականգնելու նպատակով: Արդյունքում, ինչպես ապրիլի վերջին հայտարարել էր գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, ստեղծված իրավիճակից ինքն այլ ելք չի տեսնում, բացի նրանից, որ կարող է առաջարկել արդարադատության համակարգը, բայց սովորական գյուղացուն դա չի օգնի: «Ինչ ելքի մասին կարող է խոսքը լինել, երբ մեկը խաբել է մյուսին և ոչինչ չունի, որպեսզի մարի պարտքը», - ասել էր նախարարը, նշելով միայն, որ այս իրավիճակը վկայում է այն մասին, թե ինչպես է երկրում զարգացել գործարար միջավայրը, երբ մեկը խաբում է մյուսին`նախապես ծրագրված սցենարով: