Արմինֆո. Cbonds առաջատար ֆինանսական գործակալության հրապարակման արդյունքներով Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի 2017 թվականի տարվա «Լավագույն ներդրումային բանկ»: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, վերջին 12 ամիսների արդյունքներով Ամերիաբանկն այս պահին շուկայում ունի պարտատոմսերի 4 թողարկում և թողարկումների ծավալով շուկայում առաջինն է`զբաղեցնելով կորպորատիվ պարտատոմսերի ՀՀ շուկայի 54% մասնաբաժինը:
Ըստ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի, ներկայումս ֆոնդային բորսայում շրջանառվում են Ամերիաբանկի արժեկտրոնային պարտատոմսերի երեք դոլարային թողարկումները, 35 մլն դոլար ընդհանուր ծավալով, որոնք ներգրավված են «Abond» հիմնական ցուցակում: 15 մլն. դոլար ծավալով առաջին դոլարային թողարկումը տեղի ունեցավ 2016 թվականի մարտի 25-ին, և ցուցակվեց 2016-ի հուլիսի 1-ին: Երկրորդ թողարկումը դրամային էր, 1 մլրդ դրամ ծավալով, որը թողարկվեց 2016-ի նոյեմբերի 1-ին և ցուցակվեց 2017-ի հունվարի 25-ին: Երրորդ թողարկումը դոլարային էր, 5 մլն.դոլար ծավալով, որը թողարկվեց 2016 թվականի նոյեմբերի 21-ին և ցուցակվեց 2017-ի փետրվարի 8-ին: Չորրորդ տրանշը նույնպես դոլարային էր, 15 մլն.դոլար ծավալով, որի թողարկումը կայացավ 2017 թվականի փետրվարի 1-ին, իսկ ցուցակումը`ապրիլի 20-ին: Դոլարային պարտատոմսերի բոլոր թողարկումների շրջանառության ժամկետը սահմանված է 27 ամիս, իսկ դրամային պարտատոմսերի համար`երկու տարի: Բոլոր թողարկումների գծով արժեկտրոնների վճարումները նախատեսված են եռամսյակային կտրվածքով: Դոլարային պարտատոմսերի արժեկտրոնային վճարումները մեկնարկից հետո 6.75% -ից իջեցվել են մինչև 5,6%, իսկ դրամային պարտատոմսերի համար կազմում է 10.75%:
Նշենք նաև, որ Ամերիաբանկը 2016 թվականի հունիսին, իր ներդրումային կառավարչի միջոցով, ի դեմս ընկերության responsAbility Investments AG ընկերության, իր 20 մլն.դոլար ծավալով պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխեց Լյուքսեմբուրգի չորս ներդրումային ֆոնդերում, տեղաբաշխումից ստացված միջոցները նախատեսելով ուղղել ՓՄՁ վարկավորմանը և էներգաարդյունավետության նախագծերի և վերականգնվող էներգիայի նախագծերի ֆինանսավորմանը:
Ամերիաբանկ» ՓԲԸ-ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Բանկը հայաստանյան շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերի 31-ից: Ամերիաբանկն ունի 12 մասնաճյուղ, որից 8 գտնվում է մայրաքաղաքում, իսկ 4-ը`Հայաստանի մարզերում: 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերեն են` Ameria Group CY ՍՊԸ – 65,8%, ՎԶԵԲ - 20,7%, ESPS Holding Limited - 13,5%: