Արմինֆո. 2017 թվականի հունիսի 27-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել Սևծովյան Առևտրի և Զարգացման Բանկի ՀՀ դրամով արտահայտված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի (BSTBB1) տեղաբաշխումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել է 2 մլրդ.դրամ ծավալով արժեկտրոնային պարտատոմսերը: Ազգային հիփոթեքային ընկերության կողմից նախորդ տարի իրականացված 2.127 մլրդ.դրամ ծավալով բոնդերի տեղաբաշխումից հետո սա իր ծավալներով երկրորդ դրամային տեղաբաշխումն է:
Տեղաբաշխման ընթացքում պահանջարկը գերազանցեց առաջարկը, կազմելով 2,691,574,896.50 ՀՀ դրամ: Թողարկումն ամբողջությամբ տեղաբաշխվել է, ինչի արդյունքում բանկին հաջողվել է ներգրավել 2,005,573,856.5 ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի կտրման գինը կազմել 10,000.13 ՀՀ դրամ, կտրման եկամտաբերությունը` 8.4545%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 8.3481%:
Ըստ աղբյուրի, այս թողարկումը(ISIN - AMBSTBB21ER4) պարունակում էր 200 հազար պարտատոմս, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 8.455% արժեկտրոնի տոկոսադրույքով և 3 տարի շրջանառության ժամկետով:
Ըստ վերջին տվյալների, 3 տարի շրջանառության ժամկետով պարտատոմսերի միջին կշռված եկամատաբերությունը կազմում է 8.2273%, իսկ մեկ տարուց ավելի շրջանառության ժամկետով դրամային ավանդների տոկոսադրույքը`11.7%:
Նշենք, որ այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում շրջանառվում է 9 թողարկողների դրամային 12 թողարկումները, ընդ որում, 5 դրամային թողարկողները բանկեր են:
Նշենք, որ Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության տասնմեկ անդամ երկրների կողմից: ՍԱԶԲ հիմնադիրներն են Ալբանիան, Բուլղարիան, Հայաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան և Ուկրաինան: ՍԱԶԲ-ը գործունեություն է ծավալում 1999 թ.-ից: Բանկը խթանում է տնտեսական զարգացումը և տարածաշրջանային համագործակցությունը` անդամ երկրներում իրականացնելով առևտրի և նախագծերի ֆինանսավորում, երաշխիքների տրամադրում, ինչպես նաև ներդրումներ կատարելով մասնավոր ձեռնարկություններում և պետական նախագծերում: ՍԱԶԲ-ը ստացել է «A-» վարկանիշ «Ստանդարդ ընդ Փուրս» և «A2» վարկանիշ «Մուդիս» գործակալության կողմից: