Արմինֆո. Նախօրեին Երևանում պաշտոնապես մեկնարկել է ‹‹Երևան քարտ›› ծրագիրը: Նախագծի կազմակերպիչների հավաստմամբ, Հայաստան ժամանող զբոսաշրջիկների համար նախատեսված այս փաթեթը յուրօրինակ միջոց է քաղաքում առաջարկվող գրեթե բոլոր հաստատություններից և ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու համար: Քարտը հնարավորություն է ընձեռում անվճար մուտք գործել թանգարաններ, ժամանցի վայրեր, մասնակցել էքսկուրսիաների, ինչպես նաև անվճար օգտվել քաղաքային տրանսպորտից (տաքսի, մետրո): Քարտով 1 տարվա ընթացքում կարելի է ստանալ նաև մեծ զեղչեր քաղաքի լավագույն սննդի օբեկտներից, խանութներից, հյուրանոցներից և մյուս գործընկեր կազմակերպություններից, որոնց թիվը գերազանցում է 150-ը: Միանվագ վճարելով մատչելի գին փաթեթի համար, որում ներառված են՝ մուտքի միասնական քարտ, անվճար բովանդակալից ուղեցույց (135 էջ), քարտեզ, բջջային հավելված, բջջային քարտ (ծրագրի օպերատորի հետ անվճար խոսելու և ինտերնետից օգտվելու հնարավորությամբ) ու անվճար 12-ժամյա (9:00-21:00) տեղեկատվական ծառայություն՝ զբոսաշրջիկը կարող է վայելել ամբողջական և հագեցած արդյունավետ շրջագայություն՝ տնտեսելով զգալի գումար: ‹‹Երևան քարտը›› նախատեսված է միայն անհատական օգտագործման համար: Այն ‹‹Գլոբալ կոլիբրի›› ՍՊԸ-ի սեփականությունն է: Քարտն ակտիվացնելուց հետո չի կարող վերադարձվել, փոխանցվել այլ անձի կամ փոխանակվել:
Հավելենք, որ Հայաստանի զբոսաշրջության հատվածը 2016 թվականը փակել է 5,7% աճով, հանրապետւոթյուն է ժամանել 2.867 մլն օտարերկրյա քաղաքացի, որոնցից
1.259 մլն` զբոսաշրջության նպատակով: Կառավարության ծրագրի շնորհիվ, 2017- 2022թթ. նախատեսված միջոցառումների արդյունքում Հայաստանը մտադիր է երկիր այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացնել տարեկան մինչև 3 մլն: Մասնավորապես, մինչև 2018թ. սպավում է զբոսաշրջային ծառայությունների որակի նոր չափանիշների սահմանում և զբոսաշրջության ռեգիստրի ստեղծում` մինչև 2019 թիվը: 2020 թվականի վերջին նախատեսվում է ավարտել ՀՀ զբոսաշրջության միասնական տեղեկատվական ցանցի ստեղծման աշխատանքնները, իսկ մինչ այդ կմշակվի և կհաստատվի էկոտուրիզմի հայեցակարգը: