Արմինֆո. Կապանի օդանավակայանի վերագործարկմանն ուղղված աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասպան և նույնիսկ առաջանցումով: Այդ մասին նախօրեին ապագա օդանավակայանի տարածք այցի ընթացքում հայտնել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:
Նրա խոսքով, Կապանում ավարտվում են օդանաակայնի կառուցման համար հողամասի հարթեցման աշխատանքները, և շուտով կսկսվի օդանավակայանի շենքի կառուցումը:
Բացի այդ, Հակոբյանի խոսքով, ավարտվել են ինքնաթիռների ձեռքբերման շուրջ բանակցությունները: Օդանավակայանի շենքի կառուցման ավարտին կիրականացվի օդանավերի մատակարարումը: Ինչպես նշել է մարզպետը, ինքնաթիռներն արտադրվել են 2016 թվականին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, Կապանի օդանավակայանում փորձնական վայրէջք է կատարել առաջին օդանավը, որին անձամբ մասնակցել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Թռիչքը և վայրէջքն իրականացվել է թեթև սպորտային ինքնաթիռով:Օդանավակայանը չի շահագործվել վերջին տասնամյակների ընթացքում: ՔԱԳՎ աղբյուրը ոչ պաշտոնական զրույցում ԱրմԻնֆո-ին հայտնել է, որ այդ տարածաշրջանային օդանավակայանի գործարկման ներդրումային ծրագիրը ավարտված չէ, օդանավակայանը դեռ սերտիֆիկացված չէ: Իսկ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հայտնել է, որ ինքնաթիռը վարել է Ռուսաստանից մասնագետը՝ թռիչքուղու վիճակը, թռիչքի ու վայրէջքի համար պայմանները գնահատելու նպատակով: Նա նաև տեղեկացրել է, որ օդանավակայանի վերակառուցման ներդրումային ծրագիրը կարժենա 2 մլն ԱՄՆ դոլար: «Չնայած այն բանին, որ օդանավակայանը չի աշխատել ավելի քան 25 տարի՝ մեր թռիչքը հաջող է անցելե,- ասել է մարզպետը: Նա տեղեկացրել է, որ ներկայումս ընթանում են շինարարական աշխատանքներ, կա օդանավակայանի հիմնական շենքի նախագիծը: Աշխատանքները կիրականացվեն՝ անհրաժեշտ բոլոր ստանդարտներին համապատասխան: Մարզպետը նշել է, որ օդանավակայանի շահագործման անհրաժեշտությունը պայմանավորված է մայրաքաղաքի և այլ մարզերի հետ օդային հաղորդակցությունը վերականգնելու անհրաժեշտությամբ: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք հետագայում Կապանի օդանավակայանից ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտ թռիչքների իրականացումը՝ մարզպետը տեսականորեն չի բացառել դա. «Համենայն դեպս, դրան ոչինչ չի խոչընդոտումե: Խոսելով բնակչության համար թռիչքների մատչելիության մասին՝ մարզպետը հավաստիացրել է, որ բոլոր հաշվարկներն արդեն արված են, տոմսերն այնքան մատչելի կլինեն, որ կանոնավոր ուղևորահոսքը երաշխավորված կլինի: