Արմինֆո. Ամուլսարի հարակից՝ Ջերմուկ, Գնդեվազ, Սարավան և Գորայք համայնքների խորհուրդների ներկայացուցիչները՝ 25 տարբեր մասնագիտությունների մարդիկ, այցելեցին Ամուլսարի Ծրագրի աշխատանքային ճամբար, բարձրացան ծովի մակարդակից մոտ 3000մ բարձրության վրա գտնվող ապագա 2 բացահանքերի տարածքը, ծանոթացան ծրագրի ենթակառուցվածքների տեղադիրքերին՝ այդ թվում կույտային տարրալվացման հարթակի և ապագա ոսկու կորզման գործարանի շինհրապարակի տարածքները:
Լիդիան Արմենիայի բնապահպանական աշխատանքների ղեկավար Արթուր Պեպանյանը համայնքային խորհուրդներին ներկայացրեց կատարված և պլանավորված աշխատանքների վերաբերյալ մանրամասն պրեզենտացիա և պատասխանեց խմբի անդամներին հուզող բոլոր հարցերին: Ապագա բացահանքերի տարածքում հյուրերը հնարավորություն ունեցան հասկանալու հանքի իրական հեռավորությունը բնակելի համայնքից և ստացան կենսաբազմազանության և ընդհանրապես բնական միջավայրի պաշտպանությանն ուղղված գործողությունների վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։
Համայնքային խորհուրդները կազմված են հանքավայրի հարակից համայնքների բնակիչներից, ովքեր ժամանակ առ ժամանակ հնարավորություն են ստանում այցելել աշխատանքային ճամբար, հանքավայրի տարածք՝ իրենց համայնքների բնակիչներին հուզող կամ հետաքրքրող հարցադրումները հասցնելով Լիդիան Արմենիային և ստանալով վերջինիս մեկնաբանությունները։ Սա խորհուրդների ներկայացուցիչների առաջին այց էր բացահանքի տարածք, որտեղ այցելուները կարողացան սեփական աչքով տեսնել ապագա բացահանքերիի տեղադիրքերը և կատարվող աշխատանքը, ինչը նրանց կողմից գնահատվեց՝ որպես պատասխանատու, մանրակրկիտ և բոլոր տրված խոստումներին համարժեք։
Համայնքային խորհուրդներն առաջիկայում շարունակելու են իրենց մշտադիտարկումները՝ ապահովելով կապն ընկերության և համայնքների միջև։ Լիդիան Արմենիան ունի ինֆորմացիոն կենտրոններ Ջերմուկում, Գնդեվազում, Գորայքում և Սարավանում, բացի այդ ընկերության ավելի քան 900 աշխատակիցներից մոտ 400 տեղի բնակիչներ են, ովքեր նույնպես ապահովում են սերտ կապը համայնքների և ընկերության միջև։ Այդուհանդերձ, համայնքային խորհուրդները գնահատվում են որպես կարևորագույն օղակ՝ ընկերություն-համայնք շփումներն առավել արդյունավետ և օբյեկտիվ դարձնելու առումով։
Հաղորդագրությանը կցվում է Լիդիան Արմենիա ընկերության գործունեության վերաբերյալ երեք համայնքների՝ Ջերմուկի, Գնդեվազի և Սարավանի խորհուրդների ներկայացուցիչների տեսակետները ՝ բացահանքի տարածքներ կատարված այցից հետո։