Արմինֆո. Հայաստանում կստեղծվի մասնական երթուղային ցանց: ՀՀ կառավարությունը հուլիսի 20-ին հաստատել է հանրապետության տրանսպորտային ցանցի տեխնիկական առաջադրանքը: «Ընդունված տեխնիկական առաջադրանքի հիման վրա նոր կկառուցվի միասնական ցանց, և պահանջները կդրվեն»,-լրագրողներին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը:
Ծրագրի շրջանակում ըստ մարզերի կհավաքագրվեն տվյալներ, որոնց հիման վրա մարզերն ըստ խոշոր քաղաքների կբաժանվեն տարածաշրջանների, կսահմանվեն օպտիմալ երթուղիներ: Տեխնիկական առաջադրանքի հիմնական նպատակն է ստեղծել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան:
Ելնելով ուղևորահոսքի ծավալներից՝ կորոշվի երթուղիներում անհրաժեշտ տրանսպորտային միջոցի տեսակը, կսահմանվի նաև մարզկենտրոնից կամ մարզի խոշոր քաղաքներից դեպի Երևան փոխադրման արդյունավետ տեսակը, արդյունավետ կկազմակերպվի հանրապետության ավտոկայարանների, ավտոկայանների, երթակարգավարական կետերի աշխատանքը: Արդյունքում հանրապետության բոլոր համայնքները կապահովվեն տրանսպորտային սպասարկմամբ, կկրճատվի ուղևորության համար ծախսվող ժամանակահատվածը, կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները կհամապատասխանեցվեն փաստացի ուղևորահոսքի ծավալներին, կբարձրանա ուղևորափոխադրումների արդյունավետությունը և ոլորտի վերահսկողության մակարդակը:
Պատասխանելով Կարեն Կարապետյանի հարցին՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնել է, որ հարցը քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի՝ օպերատորների, Հայաստանում գործող տրանսպորտային ընկերությունների հետ: Նա նշել է, որ հայտարարվելու է մրցույթ, որին կարող են մասնակցել նաև միջազգային ընկերությունները:
Նախարարի խոսքով, այսօրվա բոլոր երթուղիները սպասարկողների հետ պայմանագրեր ունեն, որի ժամկետները լրանալուց հետո նոր կարելի է անդրադառնալ փոփոխությանը. «Գծատեր, առանձին երթուղիներ չեն լինի, կլինի միասնական ցանց, որը կսպասարկվի կոնկրետ օպերատորի կողմից: Մի երթուղին չի պատկանելու մեկ անձի, կլինի մրցույթ»:
Վահան Մարտիրոսյանն ասել է, որ այս պահին դեռ վաղ է խոսել, թե որքան ներդրումներ անհրաժեշտ կլինեն ծրագիրը կյանքի կոչելու համար, դա կախված կլին նրանից, թե ինչ քանակի և ինչ մեքենաներ պետք է լինեն:-