Արմինֆո. «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն մտադիր է դիմել ՀՀ կառավարությանը՝ օպտիմալացված միջոցները N2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շարունակմանն ուղղելու առաջարկով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է կայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը:
Նրա խոսքով, նախագծի շրջանակներում սարքավորման և ծառայությունների մատակարարման հայտամրցույթների արդյունքում տնտեսվել են ֆինանսական զգալի ռեսուրսներ: Այսպես՝ հունիսի 1-ի դրությամբ $270 մլն վարկի և $30 մլն դրամաշնորհի շրջանակներում Ռուսատանի Դաշնության կողմից արդեն հատկացված $205 մլն-ից կնքվել են $143 մլն գումարի սարքավորման մատակարարման պայմանագրեր, ինչը թույլ է տվել տնտեսել միջոցների շուրջ
34%-ը: Գնման ընթացակարգերի նախնական գնահատումն իրականացվել է նախագծի գլխավոր կապալառուի՝ «Ռուսատոմ Սերվիս» ընկերության կողմից: Այդ գնահատականը, շարունակել է գլխավոր տնօրենը, հիմնվել է հիմնական սարքավորման գների վրա՝ արտադրված ռուսական ընկերությունների կողմից: Սակայն, բաց հայտամրցույթների անցկացման արդյունքում, որոնց, ռուսական ձեռնարկություններից բացի, մասնակցել են ընկերություններ Չեխիայից, Գերմանիայից, Ուկրաինայից և այլ երկրներից, հաջողվել է զգալի ֆինանսական ռեսուրսներ օպտիմալացնել, որոնք, Մովսես Վարդանյանի խոսքով, միանշանակ կուղղվեմ ծրագրի շարունակմանը: Մասնավորապես, դրանք կուղղվեն ՀԱԷԿ անվտանգության երրորդ և չորրորդ մակարդակների սարքավորման փոխարինմանը: Օրինակ՝ հովացման համակարգի լիակատար արդիականացման հնարավորություն է առաջացել, և այդ ենթածրագրի հայտամրցույթին կմասնակցեն նաև հայկական ընկերություններ: «Կա այդ նախագծին հայկական ընկերությունների առավելագույն ներգրավման ՀՀ նախագահի պահանջը, և որտեղ հնարավոր է, վերջիններս անպայման կմասնակցեն ծրագրին, քանի որ խոսքը վերաբերում է ոչ միայն բնակչության զբաղվածությանը, այլ նաև՝ երկրի պետբյուջե հարկերի և տուրքերի վճարումներին: Հայաստանը կայանի համար անհրաժեշտ սարքավորում չի արտադրում, իսկ շինարարական աշխատանքներին հայկական ընկերությունները լիովին ի վիճակի են մասնակցել»,- նշել է ՀԱԷԿ գլխավոր տնօրենը: