Արմինֆո. Իրանի հետ տնտեսական կապերի զարգացումը ՀՀ առաջնահերթությունների թվում է: Այդ մասին իրանական «Շարղ» օրաթերթին հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, հայ-իրանական միջառավարական հանձնաժողովի գործունեությունն ուղղված է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը և առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը: Այս առումով, ինչպես գտնում է Սարգսյանը, նպաստավոր կարող է լինել Սյունիքում ազատ տնտեսական գոտու գործունեությունը: Իրանի հետ սահմանին գտնվող ԱՏԳ-ն, պետության ղեկավարի խոսքով, լավագույնս կծառայի միջպետական համագործակցության խորացմանը, հայ և իրանցի գործարարների միջև կապերի ամրապնդմանը:
Ինչպես նշել է Սերժ Սարգսյանը, Հայաստանը պատրաստ է իր հնարավորությունների չափով համակողմանիորեն աջակցել ՀՀ-ում իրանական բիզնեսին: Բացի այդ, ընդգծել է նախագահը, Հայաստանը բաց դռների քաղաքականություն է վարում՝ երկիր ներդրումների ներգրավման առումով: Նա հիշեցրել է, որ Հայաստանն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, ինչը ենթադրում է տեղական և օտարերկրյա ընկերությունների նկատմամբ ոչ խտրական վերաբերմունք: Հայաստանն իրականացնում է արդյունաբերական զարգացման քաղաքականություն, որի շրջանակներում նախատեսվում է համագործակցության զարգացում հարևան երկրների, մասնավորապես՝ ԻԻՀ հետ: Այս առումով Հայաստանը մեծ հույսեր է կապում Մեղրիում ԱՏԳ շրջանակներում հայ-իրանական գործարար կապերի զարգացման հետ:
Նախագահը նշել է նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցների թուլացման արդյունքում բանկային համագործակցության ոլորտում դրական տեղաշարժերի մասին: «Կարծում եմ՝ մոտ ապագայում այդ ուղղությամբ համագործակցության աճի ականատես կդառնանք»,- ընդգծել է Սարգսյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի և Իրանի միջև առևտրի ազատ գոտու ստեղծման ծրագիրը գնահատվում է 28 մլն.դոլար, իսկ հաշվի առնելով հնարավոր ծախսերի հետ միասին կարող է հասնել 32 մլն.դոլարի: Տասնամյա հեռանկարում, համաձայն ներդրումային ծրագրի, ակնկալվում է, որ ԱՏԳ կազմակերպող ընկերության շահույթը կկազմի 52 մլն. դոլար, իսկ աշխատակիցների թիվը` 60-70 մարդ: Ըստ կանխատեսումների, 10 տարում կներգրավվեն 120 ընկերություններ, որոնք տարեկան կարտահանեն 80-100 մլն.դոլարի ապրանքներ: Նպատակային ուղղությունները կլինեն ԵԱՏՄ, ԵՄ, Մերձավոր Արևելքը, ԱՄԷ, Սիրիան, Թուրքմենստանը, և այլն: Ներդրումների առումով, ըստ ընդհանուր կանխատեսումների, ակնկալվում են մինչև 350-400 մլն դոլարի ներդրումներ:
Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2017-ի առաջին կիսամյակում կազմել է 1363.5 մլրդ դրամ (2815,1 մլն դոլար), տարեկան աճը`24%: Հաշվետու շրջանում Իրանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է $114,4 մլն՝ 0,4% տարեկան աճով: Ըստ որում, արտահանումը կազմել է $34,7մլն, անկումը՝ 9,3%, ներմուծումը՝ $79,7 մլն՝ 5,3% աճով: