Արմինֆո. Օգոստոսի 12-13-ը Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի ունեցավ «Շամշադինի մեղրի և հատապտուղների 6-րդ փառատոնը»: Բնական մեղրի, քաղցրահամ հատապտուղների, ինչպես նաև ջազային երաժշտության սիրահարները հնարավորություն ունեցան համտեսել և ձեռք բերել տեղի մեղվաբույծների արտադրանքը, ինչպես նաև հատապտուղներից պատրաստված ըմպելիքներ:
Փառատոնի կազմակերպիչ «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամի տնօրեն Հայկ Չոբանյանի ասելով, «Շամշադինի մեղրի և հատապտուղների 6-րդ փառատոնը» լավ պլատֆորմ է Բերդում և Տավուշի ողջ մարզում զբոսաշրջության զարգացման համար: Ինչպես նշել է Չոբանյանը, փառատոնը գրավում է նաև ոչ միայն Հայաստանի, այլև օտարերկրյա գործարարների և ներդրողների ուշադրությունը:
Փառատոնն ավանդաբար մեկնարկում է «Ջազը սահմանին» նախաձեռնությամբ: Այս տարի մեղրի և հատապտուղների փառատոնի հյուրերին ուրախացրեցին Հայաստանի պետական ջազային նվագախումբը, տեղի երիտասարդական երաժշտական և խորեոգրաֆիկ խմբակների ներկայացուցիչները: Փառատոնի ընթացքում անցկացվել է ամենահամեղ մեղրով տորթի մրցույթ, կատարվել է խաղողօրհնեքի արարողություն:
Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը հպարտորեն նշել է, որ այս տարի փառատոնի հյուրերի հոսքը գերազանցել է բոլոր ակնկալիքները. հյուրերն այնքնա շատ էին, որ քաղաքի հյուրանոցները, պարզապես, չէին կարող ընդունել բոլոր ցանկացողներին:
Մեղրի և հատապտուղների առաջին փառատոնն անցկացվել է 2012 թվականի օգոստոսի 18-ին: Բերդի փառատոնին մասնակցում են մերձակա բնակավայրերի գյուղացիական տնտեսութունները, տարբեր արտադրողներ: Նրանք իրենց արտադրանքը ներկաայցնում են փոքր տաղավարներում` «Սորան» դենդրոպարկի տարածքում, որտեղ տեղադրվում է 15-20 վրան: Դրանցում ցուցադրվում են ծաղկի մեղրի տարբեր տեսակներ, ինչպես նաև հատապտղային մշակաբույսեր: Տաղավարներում ներկայացվում են տարբեր տեսակի հուշանվերներ, ձեռքի աշխատանքի նմուշներ: Փառատոնի նպատակը մեղվաբուծության խթանումն է մարզում: Միջոցառումնեը նաև նպատակաուղղված է դեպի Տավուշի գեղատեսիլ վայրեր զբոսաշրջության հոսքի ապահովմանը: