Արմինֆո. Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին Հայաստանի օրգանական գյուղատնտեսական ապրանքների համար մեծ հեռանկարներ է տեսնում եվրոպական շուկայում, քանի որ այն «որակյալ է ու համեղ»: Այս մասին սեպտեմբերի 11-ին նա հայտարարել է Երևանում մեկնարկած`«Օրգանական գյուղատնտեսության ամիս» միջոցառմանը, «Օրգանական գյուղատնատեսության աջակցման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում:
Ըստ դեսպանի, այսօր աշխարհում օրգանական արտադրանքի շուկայում կա մեծ մրցակցություն: 2015-ի վերջին աշխարհի օրգանական հողերի տարածքը հասել է 12,7 մլն հեկտարի, որից 11,2 մլն հա ԵՄ-ում: ԵՄ օրգանական մանրածախ շուկայի ընդհանուր արժեքը կազմում է 24 մլրդ: Այնուամենայնիվ, ԵՄ-ը մեծ ներուժ է տեսնում Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման համար: Ըստ դեսպանի, Հայաստանի օրգանական գյուղատնտեսական արտադրանքը կարող է լիովին իր տեղը գտնել եվրոպական շուկայում, իր մրցակցային առավելության, մասնավորապես, արևի, հողի և կլիմայի, «բարձր որակի և համի» շնորհիվ: «Դրանում ես համոզվում եմ ամեն օր, և վստահ եմ, որ Եվրոպական սպառողը շատ բան է կորցնում, չունենալով ելք դեպի հայկական ապրանքները», - ասել է դիվանագետը: Ըստ Սվիտալսկու, ներդրումներ կատարելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում, Եվրամիությունը նպատակ ունի ոչ միայն ապահովել սննդամթերքի անվտանգությունը երկրում, այլ նաև ներդնել օրգանական գյուղատնտեսության ներդրման գաղափարախոսությունը:
Ինչպես նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, օրգանական գյուղատնտեսությունն ունի բոլոր շանսերը դառնալու նոր և խոստումնալից ուղղություն հանրապետության գյուղատնտեսության ոլորտում: Այսօր, ըստ նախարարի, Հայաստանը դեռ չի կարող հպարտանալ օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ծավալներով: Կա օրգանական մեղրի արտահանում, բայց լայն արտահանման համար Հայաստանին հարկավոր է լուծել ծավալների, գների և սերտիֆիկացման հարցերը: Այդ հարցը գյուղատնտեսության նախարարությունը փորձում է լուծել փոքր ֆերմերների խոշորացման միջոցով, ինչի համար էլ բանակցություններ են ընթանում արտադրողների հետ: Ի տարբերություն ավանդական գյուղատնտեսական արտադրանքի, որոնք հիմնականում արտահանվում են Ռուսաստանի շուկաներ, ըստ նմախարարի, օրգանական արտադրության ունի մեծ ներուժ և կարող է մուտք գործել եվրոպական շուկա: «Կա բնակչության իրազեկման հետ կապված խնդիրը, ինչին կոչված է այսօր սկսված նախաձեռնությունը: Ներկայումս օրգանական արտադրանքները ճիշտ չեն գնահատված», - ասել է Առաքելյանը: Այսօր, ինչպես նշել է նախարարը, հնարավոր է, որ իրազեկության բացակայության պատճառով ֆերմերները մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի կազմակերպման հարցում:
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող, Ավստրիայի զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող Օրգանական գյուղատնտեսության խթանման եռամյա ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 3,3 միլիոն եվրո, մեկնարկել է 2015-ի սեպտեմբերին և կոչված է բացահայտել Հայաստանի ներուժն օրգանական գյուղատնտեսության ոլորտում: Ծրագիրը ունի 4 հիմնական բաղադրիչ. օրենսդրական դաշտի բարեփոխում և համապատասխան հաստատությունների ստեղծում, օժանդակություն այն անձանց, ովքեր ցանկանում են զբաղվել օրգանական գյուղատնտեսությունով, աճող իրազեկություն և արտաքին շուկաների որոնում: Ծրագրի շրջանակներում Հայաստանի գրեթե բոլոր մարզերից 18 ֆերմերներ արդեն ստացել են ֆինանսական աջակցություն, իսկ 28-ը`տեխնիկական աջակցություն: «Օրգանական գյուղատնտեսության ամիս» միջոցառման ընթացքում, որն ընթանում է «Առողջ բնություն - առողջ են նաև դու» կարգախոսով, նախատեսվում են ծրագրի պոտենցիալ շահառուների իրազեկության բարձրացմանը և հմտությունների բարձրացմանն ուղղված զանազան միջոցառումներ: