Արմինֆո. Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանն իր կեցավայրում ընդունել է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեին և էներգետիկայի նախարար Սաթթար Մահմուդիին:
Հանդիպումների ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության մակարդակից և վստահությամբ նշել, որ երկու հարևան պետություններն ունեն փոխգործակցության զարգացման մեծ հնարավորություններ: Կողմերը համոզմունք են հայտնել, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխշահավետ հարաբերություններին: Իրանական կողմն ընդգծել է, որ շահագրգռված են Հայաստանի հետ կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ: Հանդիպմանը քննարկվել են գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ընդլայնմանը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստում քննարկվելիք հարցերին, Մեղրիի ՀԷԿ-ի ծրագրին, Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
ԱրմԻնֆո-ի վերլուծաբանների կարծիքով, Կարեն Կարապետյանի Թեհրան այցի օրակարգի հիմնական հարցը Հայաստան-Իրան-Թուրքմենստան համագործակցությունն է: Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, ով գլխավորել է Հայաստանի պատվիրակությունն Աշխաբադում գազի առևտրի շուրջ բանակցություններում, Հայաստանը բոլոր տարածաշրջանային պետությունների հետ բանակցություններ է վարում հանրապետություն գազի մատակարարումների համար տարբերակների որոնման հարցի շուրջ: Փոխնախարարի ասելով, խոսքը վերաբերում է թուրքմենական գազի Հայաստան մատակարարման առավել օպտիմալ ուղիների որոնմանը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Աշխաբադը Թեհրանին առաջարկել է օրական մինչև 15 մլն խմ ավելացնել գազային սվոփի ներկայիս ծավալը Հայաստանի և Ադրբեջանի համար: Սակայն, ինչպես նշել է Հայկ Հարությունյանը, Հայաստանի պարագայում խոսքը վերաբերում է զգալիորեն նվազ ծավալների փոխանակմանը: Նրա ասելով, Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը կազմում է օրական ընդամենը 6 մլն խմ, և սվոփի նման զգալի ծավալների ապահովումը ֆիզիկապես, պարզապես, անհնար է:
Հունվարի 13-ին մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին` վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունն աշխատում է հանրապետություն գազի մատակարարման տարբեր սվոփային սխեմաների շուրջ: Վարչապետի ասելով, Հայաստան գազի սվոփային մատակարարումները քննարկվել են 2017 թվականի առաջին աշխատանքային օրը` Իրանի և Թուրքմենստանի դեսպանների հետ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանից Հայաստանի բնական գազի մատակարարման միակ ուղին Վրաստանի տարածքով մշտապես քննարկումների առարկա է դառնում` Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունների զարգացման համատեքստում: Սակայն այսօրվա դրությամբ այն այլընտրանք չունի, քանի որ գոյություն ունեցող երկրորդ գազատարն Իրանից ի զորու չէ ապահովել անհրաժեշտ ծավալներ: ԱրմԻնֆո-ի վերլուծաբանների կարծիքով, միանգամայն հնարավոր է, որ Հայաստանը ձգտում է թուրքմենական գազի սվոփային մատակարարումներ սկսել Իրանի տարածքով: Խոսքը վերաբերում է մի կողմից թուրքմենականն գազի Իրան մատակարարումներին, որն իր հերթին համանման ծավալներ կներմուծի մյուս կողմից Հայաստան: