Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է «Էլիտալիանա» (ELITALIANA) ընկերության ներկայացուցիչներին՝ գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Ջիուլիվիի գլխավորությամբ։ Ինչպես հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը, նախարարը, ողջունելով իտալացի գործարարների այցը Հայաստան, հույս է հայտնել, որ արդյունավետ համագործակցություն կձևավորվի։
«Էլիտալիանա» ընկերության մասնագետները նախարարին ներկայացրել են ընկերության գործունեության շրջանակները։ Նշվել է, որ այն ավելի քան 50 տարվա պատմություն ունի։ Սկզբնական շրջանում գործունեություն են ծավալել տարբեր բնագավառներում, իսկ 1980-ական թվականներից սկսած՝ մասնագիտացել են տրանսպորտային միջոցների արտադրության ոլորտում: Ընդգծվել է արտադրված տեխնիկայի բարձր որակը, որը հաստատված է համապատասխան հավաստագրերով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են իտալական տրանսպորտային տեխնիկան Հայաստանում շահագործելու հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կողմերի մասնագետների մասնակցությամբ մշակել հնարավոր համագործակցության ծրագիր և այն առավել մանրակրկիտ քննարկել հաջորդ հանդիպման ընթացքում։
Նախօրեին Ալեսանդրո Ջիուլիվին ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանի հետ հանդիպման ընթացքում հաղորդել էր, Elitaliana ընկերությունը դիտարկում է Հայաստանում ուղղաթիռի բազայի ստեղծման հնարավորությունը, մի շարք ծառայությունների տրամադրման համար, սկսած սանավիացիայից և վերջացրած փոստային ծառայությունների հրատապ առաքումով:
«Էլիտալիանա» ընկերությունը հիմնադրվել է 1964 թվականին, ունի ուղղաթիռային բազաներ և տարբեր ծառայություններ է մատուցում աշխարհի տարբեր երկրներում: Բացի Իտալիայից ընկերությունը լայն ցանցեր ունի Բոսնիայում և Հերցեգովինայում, Կոսովոյում, որոշ լատինամերիկյան երկրներում: Ընկերությունը, որն զբաղվում է ապրանքների տեղափոխմամբ, տրամադրում է նաև օդային տաքսիի ծառայություններ, աշխատուժ է տեղափոխում դժվարանցանելի շրջաններ, զբաղվում քաղաքացիական պաշտպանության հարցերով, կատարում օդային նկարահանումներ, օգնում է կատարել շրջակա միջավայրի մոնիտորինգ, վերահսկում խողովակաշարերի հուսալիությունը, մասնակցում անտառային հրդեհների մարմանը, ինչպես նաև աշխատում է ոստիկանության հետ: