Արմինֆո.300 կենսաթոշակառուների աշխատանքային ստաժի վերահաշվարկի արդյունքում բացահայտվել է պետությանը հասցված 14 մլն դրամի վնաս, որից բյուջե է վերադարձվել 5 մլն: Մամուլի ասուլիսում այդ մասին հաղորդել է Աշխատանքի և սոցապահովման նախարարության սոցապահովման ծառայության ղեկավար Հովհաննես Սահակյանը` ամփոփելով իր 100-օրյա պաշտոնավարման արդյունքը:
Նա ընդգծել է, որ ոլորտի առաջնահերթ բարեփոխումների թվում է աշխատանքային գրքույկների թվանշանայնացումը: Նա հիշեցրել է, որ 2017 թվականի հունվարի 1-ից գործատուների մոտ գտնվող շուրջ 500 հազար և չաշխատող քաղաքացիների մոտ գտնվող ևս 700 հազար աշխատանքային գրքույկներ պետք է հանձնվեն լիազոր մարմնին, որը բոլոր տեղեկությունները կներառի տվյալների տեղեկատվական շտեմարանում, այնուհետև` գրքույկները կվերադարձվեն տերերին: Ծառայությունն ակնկալում է մինչև տարեվերջ «էլեկտրոնային կենսաշթոշակի՚ տվյալների շտեմարանում ներառել շուրջ 100 հազար աշխատանքային գրքույկ:
1972-2004թթ. աշխատանքային գրքուկում արձանագրված աշխատանքային ստաժի առկայության մասին գրառումների ստուգումների արդյունքում հայտնաբերվել են անհամապատասխանութկուններ, աշխատանքային ստաժի հաշվառման օրինաչափության խախտումներ: Արդյունքում` վերահաշվարկվել է 300 կենսաթոշակառուների աշխատանքային ստաժը և կրճատվել 3 հազար տարով: Այդպիսով, բացահայտվել է պետությանը հասցված 14 մլն դրամի վնաս, որից շուրջ 5 մլն դրամ վերադարձվել է բյուջե:
Ինչպես նշել է Սահակյանը, եթե ստուգումների արդյունքում պարզվի, որ կենսաթոշակների նշանակումը եղել է ոչ օրինաչափ, իսկ աշխատանքային ստաժը փաստաթղթերով չի հիմնավորվում հենց ծառայության աշխատակցի մեղքով, ապա գումարը վերադարձվում է գերատեսչության աշխատակցի միջոցներից, հակառակ դեպքում` ստիպված են գումարը գանձել կենսաթոշակառուից: Ամեն դեպքում, ինչպես հավաստիացրել է Սահակյանը, աշխատանքային գրքույկում արձանագրված աշխատանքնային ստաժի կրճատման վերաբերյալ որոշումը կայացվում է բոլոր տվյալների համալիր վերլուծության հիման վրա:
Լինում է նաև այլ իրավիճակ, երբ որոշակի պայմանների պատճառով աշխատանքային ստաժը պետք է լիներ, սակայն գործատուի վերաբերյալ փաստաթղթերը չեն պահպանվել, և չեն իրականացվել նաև համապատասխան սոցիալական վճարումներ: Այդ դեպքում կենսաթոշակառուն, եթե համաձայն չէ իր գործով կայացված որոշմանը, ստիպված է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը պաշտպանել դատական կարգով: