Արմինֆո. Մաքսատուրքերի բարձրացումը չի ենթադրում ապրանքների գների բարձրացում, իսկ նման փոփոխություններն ստեղծում են ԵԱՏՄ երկրներից ապրանքներ ներմուծելու լրացուցիչ հնարավորություն: Այս մասին դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Վախտանգ Միրումյանը, հավելելով, որ այսուհետ ֆիզիկական անձինք 3-րդ երկրներից կարող են ավտոմեքենա ներմուծել առանց որևէ սահմանափակման
ՊԵԿ նախագահի տեղակալը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հասարակության շրջանում տարածված այն տեսակետին, ըստ որի մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացմամբ կբարձրանան նաև որոշ ապրանքների գները. «Նման եզրահանգումը ճիշտ չէ, պետք է հաշվի առնել որոշ հանգամանքներ:
Առաջին՝ մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումը վերաբերում է միայն երրորդ երկրներից կատարված ներմուծումներին, իսկ նման փոփոխությունները ԵԱՏՄ անդամ երկրներից այդ ապրանքներն առանց մաքսատուրքերի ներմուծելու լրացուցիչ հնարավորություն են ստեղծում: Հաջորդ հանգամանքն այն է, եթե ներմուծումը կատարվի այն երկրներից, որոնց հետ Հայաստանն ունի ազատ առևտրի մասին համաձայնագիր, ապա ակնհայտ է, որ մաքսատուրքերի դրույքաչափերի ավելացումը նույնպես ազդեցություն չի կարող ունենալ այդ ապրանքների թանկացման վրա»: Վ. Միրումյանի խոսքով՝ մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումը տեղական արտադրողներին արտադրական ծավալները մեծացնելու շուրջ մտորելու հնարավորություն է տալիս:
ՊԵԿ նախագահի տեղակալն, անդրադառնալով մամուլում շրջանառվող ևս մեկ լուրի, ըստ որի՝ 2018թ.-ից ֆիզիկական անձինք, առանց ապրանքանշանի տիրոջ համաձայնության, չեն կարողանա երրորդ երկրներից Հայաստան ներմուծել ցանկացած տեսակի ապրանք, այդ թվում՝ ավտոմեքենա, նշել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. «2018թ.-ից հետո ևս ֆիզիկական անձինք կարող են երրորդ երկրներից ներմուծել իրենց նախընտրած ավտոմեքենան առանց որևէ սահմանափակման»:
RUB | 4.07 | 0.00 |
USD | 386.99 | -0.06 |
EUR | 426.85 | -0.61 |
GBP | 509.55 | 1.82 |
CAD | 285.54 | -0.49 |
JPY | 26.42 | 0.06 |
CNY | 55.14 | -0.01 |
CHF | 454.37 | -0.88 |