Արմինֆո. Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ մարզերից ներկայացվող ներդրումային և գործարար ծրագրերի արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը զեկուցել է, որ ՀՀ մարզերից ներկայացված 80 ծրագրի հայտի ընթացք չէր տրվել, բայց դրանք ևս մեկ անգամ վերագնահատվել են, և 19 ծրագիր որոշակի վերապահումներով կարող է ներկայացվել ֆինանսավորման՝ անցնելով համապատասխան ընթացակարգը: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ոլորտային գերատեսչությունների ղեկավարներին՝ սեղմ ժամկետում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ մեկ անգամ ևս քննարկել այդ ծրագրերը և դրանց իրագործելիության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:
Անդրադառնալով 2018 թ. համայնքային տնտեսության աճի վրա ազդեցություն ունեցող ավելի արդյունավետ ծրագրերի մշակման խնդրին՝ կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ այդ նպատակով հաջորդ շաբաթ ՀՀ մարզպետների հետ կայանալիք հանդիպմանը նրանց ներկայացվելու են ներդրումային և գործարար ծրագրերի որակի բարձրացման վերաբերյալ հանձնարարականներն ու աշխատանքի գնահատման չափանիշները, որպեսզի 2018 թ. ՀՀ մարզերից ներկայացվող ծրագրերն ավելի առարկայական և կիրառական լինեն: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարևորել է շահագրգիռ յուրաքանչյուր գերատեսչության ենթակայության ներքո գտնվող մարզային կառույցների ակտիվ աշխատանքը և հանձնարարել հետևողական լինել մարզերում տնտեսական ակտիվության բարձրացման գործիքակազմի աջակցության հարցում: