Արմինֆո. 2017 թ. դեկտեմբերի 26-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, 2017 թվականի նոյեմբերին արձանագրվել է 2.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.0%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ամսվա ընթացքում ավելացել է՝ ամսվա վերջի դրությամբ կազմելով 2.2%: Ակնկալվում է, որ տարեվերջին, ինչպես և սպասվում էր, 12-ամսյա գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանում:
Արտաքին հատվածում փաստացի զարգացումները հիմնականում համահունչ են եղել ԿԲ կանխատեսումներին, այսինքն՝ շարունակվել են համաշխարհային տնտեսության աճի բարելավման և միջազգային ապրանքային շուկաների գնաճային միտումները: Այս պարագայում արտաքին հատվածից ԿԲ խորհուրդն շարունակում է ակնկալել արտաքին պահանջարկի ընդլայնմանը զուգահեռ որոշակի գնաճային ազդեցություններ:
Խորհուրդն արձանագրում է, որ 2017 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է սպասվածին մոտ տնտեսական աճ: Միևնույն ժամանակ հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը զգալիորեն գերազանցել է ակնկալիքները, որը պայմանավորվել է հատկապես ծառայությունների և արդյունաբերության ոլորտներում դիտված բարձր աճերով: Ներքին մասնավոր պահանջարկը նույնպես ավելի բարձր է սպասվում քան կանխատեսվում էր, որին շարունակում է նպաստել ընդլայնող դրամավարկային քաղաքականությունը և ցածր գնաճային միջավայրը: Ներքին պահանջարկի ավելացումը շարունակում է արտահայտվել առևտրի և ներմուծման բարձր աճերում, ինչպես նաև բնականոն գնաճի և գնաճային սպասումների վարքագծում:
ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում պահպանել դրամավարկային պայմանների ներկա խթանող մակարդակը՝ հաշվի առնելով պահանջարկի վերականգնման կայունությունն ապահովելու անհրաժեշտությունը և գնաճային սպասումների վրա ակցիզային դրույքաչափերի և մաքսատուրքերի փոփոխության ազդեցության գերագնահատված լինելը: Միևնույն ժամանակ Խորհուրդը գտնում է, որ կանխատեսված զարգացումների ներքո առաջիկայում անհրաժեշտ կլինի դրամավարկային խթանող պայմանների աստիճանական չեզոքացում՝ միջինժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման համար:
Խորհուրդը գնահատում է նաև, որ գնաճի ընթացիկ եռամսյակի ծրագրից դեպի վերև շեղման ռիսկերը ավելանում են և հաստատում է իր պատրաստակամությունը դրանց դրսևորման պարագայում համապատասխանորեն ճշգրտելու դրամավարկային քաղաքականության պայմանները՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գների կայունությունը
Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2017 թվականին վերանայվել է փետրվարի 14-ին, երբ Կենտրոնական բանկի խորհուրդը իջեցրեց այն`6.25% -ից մինչև 6%, զուգահեռ իջեցնելով նաև լոմբարդային ռեպոների`7.75%-ից մինչև 7,5%, և ներգրավված ավանդների`4.75% -ից մինչև 4,5% տոկոսադրույքները, պահպանելով այդ մակարդակները մինչ օրս: Մինչ այդ, 2016-ի վերջին, դեկտեմբերի 27-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազել էր`6,5%-ից մինչև 6.25%, լոմբարդային ռեպոների տոկոսադրույքերը`8% -ից մինչև 7.75%, իսկ ներգրավված ավանդներինը`5%-ից մինչև 4.75%: 2015 թվականի դեկտեմբերի 22-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազել էր` 9.75% -ից մինչև 8.75%, ռեպոները`11,75% -ից մինչև 11,25%, իսկ ներգրավված ավանդների տոկոսադրույքերը`8.75%-ից մինչև 8.25%:-