Արմինֆո. Հայաստանի ատոմային էներգետիկան այլընտրանք չունի: Այդպիսի կարծիքի է Ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Մարտուն Գևորգյանը, որն ավելի քան 40 տարի տվել է ՀԱԷԿ-ին:
Նրա ասելով, Հայաստանը չունի ածխաջրածնային հումքի պաշարներ, ինչպես նաև ջրի բավականաչափ ծավալներ` բազային հզորություններ ստեղծելու համար, և արևն ու ջուրը կարող են հանդես գալ միայն որպես արտադրությանն ուղեկցող օբյեկտներ: «ԱԷԿ-ի էլեկտրաէներգիան վերականգնվող էներգիայի և այլընտրանքային աղբյուրներով փոխարինելու հնարավորույթյան մասին խոսակցությունները համարում եմ պոպուլիստական և անհեռատեսական: Այդ խոսակցություներն, ավելի շուտ, պոստֆուկուսիմյան իրադարձությունների արդյունք են՚, - ասել է փորձագետը, հավելելով, որ վերջերս Հայաստանում ստեղծված Ատոմային էներգետիկայի վետերանների միության գլխավոր նպատակներից մեկը հենց խաղաղ ատոմի քարոզումն է, դրա առավելությունները հասարակայնությանը ներկայացնելը: «Որպես նորաստեղծ Միության պատասխանատու քարտուղար, արտակարգ իրավիճակների և ատոմային էներգետիկայի ոլորտում աշխատանքի փորձ ունեցող մասնագետ, ես մտադիր եմ ուշադրություն սևեռել հենց այդ խնդրի լուծմանը՚, - ընդգծել է Մարտուն Գևորգյանը:
Նա ատոմակայանի քննադատներին հիշեցրել է Իրանի դիրքորոշման մասին, որն արդեն սկսել է Բուշերի ԱԷԿ երկրորդ բլոկի համար փոսորակի կառուցումը: «Իսկ, ընդհանրապես, նավթի և գազի վիթխարի պաշարներ ունեցող իրանցիները մտադիր են 8 բլոկ կառուցել` չնայած 17 հազար ՄՎտ էլեկտրաէներգիայի առկայությանը՚, - ընդգծել է Մարտուն Գևորգյանը: Նա նաև հիշեցրել է, որ 1995 թվականին ՀԱԷԿ-ը վերագործարկվեց 6,5 տարի կանգնեցված ռեժիմից հետո, որն առաջին դեպքն էր աշխարհում, այդպիսով հաղթահարելով սուր էներգետիկ ճգնաժամը: Գնահատելով ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը` փորձագետն ընդգծել է դրա կենսական անհրաժեշտությունը, քանի որ հանրապետությանը հնարավորություն կտա ևս 10 տարի էլեկտրաէներգիա ստանալ մատչելի գնով: «Ամենագլխավորն այն է, որ կայանում մշտապես ուշադրություն է դարձվում անվտանգության հարցերին: Բացի այդ, կանոնավոր կերպով պահպանվում է անձնակազմի մակարդակը, պարապմունքներ են անցկացվում վարժասարքի վրա: Ատոմակայանը յուրահատուկ կառույց է, որը պահանջում է հատուկ ուշադրություն՚, - նշել է Մարտուն Գևորգյանը, միևնույն ժամանակ փաստելով, որ ՀԱԷԿ-ը աշխարհում միակ վնասով աշխատող կայանն է, ինչը, նրա կարծիքով, անհեթեթություն է: Նա նաև հիշեցրել է, որ ՀԱԷԿ-ում աշխատում են պրոֆեսիոնալներ, ընդ որում, անձնակազմի 90 տոկոսը Ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին սաներ են: