Արմինֆո. Այլընտրանքային ճանապարհների բացումն, անշուշտ, առաջնահերթ խնդիր է ցանկացած երկրի համար: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի բացման հեռանկարներին:
«Ինչ վերաբերում է ռուս-վրացական բանակցություններին, ինչպես նաև մեր շահագրգռվածությանը, ինչի մասին բազմից ասել ենք, անշուշտ, այլընտրանքային ճանապարհների բացումն առաջնահերթ խնդիր է ցանկացած երկրի համար: Եվ, իհարկե, այդ հարցը բազմիցս քննարկվել է ինչպես ռուս, այնպես էլ՝ վրացի գործընկերների հետ: Հայտարարություններ են արվել նաև այն մասին, որ վրացական կողմը համաձայնագիր է ստորագրել շվեյցարական կողմի հետ, ինչի հիման վրա այդ հարցը կարգավորման փուլ կմտնի: Ռուսական կողմն իր հերթին հայտարարել է, որ երբ ավարտվեն ընթացակարգերը, փաստաթուղթ կստորագրվի նաև Ռուսաստանի հետ: Երբ այդ գործընթացը եզրափակիչ փուլի հասնի, ինչում մենք, անշուշտ, շահագրգռված ենք, հնարավոր կլինի ավելի մասնրամասն տեղեկատվություն տրամադրել»,- ասել է Նալբանդյանը:
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև մաքսային վարչարարության ու առևտրի մոնիտորինգի համաձայնագիրն անհրաժեշտ պարզություն է մտցրել այն հարցում, որտեղով են անցնում վրացական կողմի մաքսային սահմանները: «Այդ միջազգային պայմանագրում նախանշված են Վրաստանի մաքսային ծառայության համար հատկացված վայրերի ստույգ աշխարհագրական կոորդինատները՚, - ընդգծել է Կարասինը՝ պարզաբանելով, որ խոսքը վերաբերում է Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Կազբեգի շրջանին, Ինգուրի գետից դեպի հարավ գտնվող վայրին (որից այն կողմ սկսվում է Աբխազիայի Հանրապետության տարածքը) և Գորիի շրջակայքին (Հարավային Օսիայի Հանրապետության հետ սահմանի մոտ),- ասել է Կարասինը «Կոմերսանտին» հարցազրույցում: Հունվարի 31-ին Պրահայում կկայանան ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի բանակցությունները ՌԴ հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ, որի թեմաներից մեկը կլինի ռուս-վրացական սահմանին բեռների դիտարկման շուրջ 2011 թվականի համաձայնագրի կատարումը:
Արմինֆո. Հաջորդ շաբաթ Պրահայում կկայանան ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի բանակցությունները ՌԴ հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ: Հանդիպման թեմաներից մեկը կլինի ռուս-վրացական սահմանին բեռների դիտարկման շուրջ 2011 թվականի համաձայնագրի կատարումը: